Եվրոպան հասկացել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու համար չարժե ճշմարտությունը զոհաբերել. Արթուր Մարտիրոսյան

18:26 • 14.11.16

Կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը գտնում է, որ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցում Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության և մի շարք այլ ոլորտներում հետընթաց արձանագրելը պայմանավորված է նշված ոլորտներում Թուրքիայում տիրող իրադրության հետ։

«Ես կարծում եմ, որ կան կարմիր գծեր, որոնք Թուրքիան վաղուց անցել է և եվրոպական որոշ կազմակերպությունների համեբրությունն սպառվել է»,-ասաց նա:

Նշենք, որ ԵՄ անդամության համար անհրաժեշտ, Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան գնահատման զեկույցի՝ Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում:

«Մեզ չպետք է զարմացնի, որ նրանք ճիշտ են ասում, մեզ պետք է մտահոգի, որ բացի ճիշտն ասելուց կոնկրետ քայլեր ձեռնարկվեն ապագա անվտանգության հարցերի վերաբերյալ»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը և հարցադրում արեց, թե արդյոք եվրոպացիները պատրաստ են գործնականի վերածել իրենց հայտարարությունը: Կոնֆլիկտաբանը նշեց, որ Ամերիկայի ընտրությունների հետ կապված խառնաշփոթ իրավիճակ է այժմ, և պարզ չէ, թե նոր նախագահը և իր անձնակազմը ինչպիսի մոտեցում կցուցաբերեն Թուրքիայի խնդիրների հարցում, ինչից շատ բան կախված կլինի:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ զեկույցում արված այս դիտարկումները, նա ասաց, որ հետևանքները կախված կլինեն նրանից, թե ինչպես մեր դիվանագիտությունը կօգտվի այդ փաստն արձանագրելուց:

«Արդեն լավ է, որ ճշմարտությունն արձանագրվել է, խնդիրն այն է, թե ինչ հնարավորություններ կունենա մեր դիվանագիտությունը և ինչպես են ձևավորվելու՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները, Եվրոպա-Թուրքիա հարաբերությունները: Կախված նրանից, թե ինչ տեղի կունենա մեկ տարվա ընթացքում պարզ կլինի, թե ինչին կարող է մեր դիվանագիտությունը հասնել գործնական դաշտում և ոչ թե հայտարարությունների դաշտում, որովհետև իրենք կարող են ամեն ինչ հայտարարել»,-ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանն ասաց, որ Թուրքիայի հետ կապված Եվրոպայի խնդիրները վերաբերում են ոչ միայն ժողովրդավարությանը, այլ նաև փախստականների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության հետ:

«Մի շարք հարցեր կան, որոնց հետ կապված, ըստ եվրոպացիների, Թուրքիան արդեն չի համապատասխանում ԵՄ անդամագրվելու իր կարգավիճակին, և հարց է առաջանում, որ եթե չի համապատասխանում, արդյոք նրանք պետք է շարունակեն ինչ-որ հարցերում աչք փակել»,- ասաց նա և նկատեց, որ շատ դեպքերում Եվրոպան փորձում էր Թուրքիայի հետ հարաբերությունները չսրել և, երբեմն, ճշմարտությունը զոհաբերվում էր այդ հարաբերություններին:

«Հիմա եկել է այն պահը, երբ որ նրանք հասկանում են, որ չարժե ամեն անգամ ինչ-որ հարցեր զիջել Թուրքիայի հետ հարաբերությունները փրկելու համար, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ այդ մոտեցումը հակառակ արդյունքների է բերում: Թուրքիան ավելի մեծ զոհաբերություններ է պահանջում եվրոպացիներից, ոչ մի փոփոխություններ չեն արվում իրավիճակն ավելի սրվում է»,-ասաց նա: