Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Գնելը «վեր-վեր էր թռնում իր գնդապետ հայրիկով». տուժողի ցուցմունքը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Դատական նիստին հարցաքննվեց հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչված, կուրսանտ Հարություն Ալեքսանյանը, ով իր ցուցմունքի սկզբում ասաց, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել նախքան Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքը. «Բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել,սակայն Հայկազ Բարսեղյանի հետ տեղի ունեցածից հետո վատացել են հարաբերություններս: Ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, հիմա պարզապես չենք շփվում տարբեր վաշտերում լինելու պատճառով»:
Նկարագրելով ամբաստանյալներին, տուժողն ասաց, որ նրանք արտոնյալ վիճակ և գերիշխող դիրք են ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում. «Գնել Թևոսյանը շատ էր վեր-վեր թռնում իր գնդապետ հայրիկով: Տարբերվում էր մնացած զինծառայողներից՝ դուրս ելնելով շաբաթ և կիրակի օրերին: Նա հնարավորություն էր ունենում նաև գիշերներն էլ դուրս գալու, եթե ցանկանում էր: Նորիկ Սահակյանը նորմալ տղա է, ես նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել, վատ բան չեմ տեսել, խելացի, սովորող զինծառայողն էր: Նույնը Վաչեն էր Սահակյանը: Ազարյան Մովսեսը Վաչեի հետ էր միշտ, տղաներին նեղացնում էր, առիթներից օգտվում էր, տղաները վախենում էին նրանից, որովհետև ամեն ինչ կգնար կասեր Վաչեին: Եթե որևէ մեկը շարքից ուշանում էր, նրան հայհոյում էին, անգամ ծեծում: Իրենք իրենց հնարավորություններով տարբերվում էին»:
Հարություն Ալեքսանյանը պատմեց, որ ամբաստանյալների մասնակցությամբ վեճեր գրանցվել են, մեկ միջադեպ էլ սպանության դեպքից մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել իր մասնակցությամբ:
Նրա խոսքով՝ ազատ օրը Սամվել Սերոբյանն ասել է, որ իր հասցեին Մովսես Ազարյանն ու Վաչե Սահակյանը վատ արտահայտություններ են արել, որի պարզաբանման համար կանչել են Սամվել Սերոբյանին, սակայն վերջինս հրաժարվել է իր խոսքերից. «Դրանից հետո վեճ է բռնվել ննջարանում, այն շարունակվել է նաև միջանցքում, հետո չեմ հիշում ով բաժանեց մեզ: Վեճի ընթացքում առաջինը հարվածեց Սահակյան Վաչեն, հետո սկսել են հարվածել երեքով: Աչքիս տակ կարմրել էր, որը մեկ օր հետո անցավ»:
Դատավորի հարցին, թե ինչպես է տեղեկացել Հայկազ Բարսեղյանի հետ տեղի ունեցած դեպքին, Հարություն Ալեքսանյանն ասաց, որ առավոտյան արթնացել են, պարզվել է, որ Հայկազ Բարսեղյանը չկա, տեսել են նրա արյունոտ անկողինը, որը, տուժողի լսածի համաձայն, բացել է կապիտան Ավետիսյանը:
«Առավոտյան արթնացանք ու տեսանք, որ անձնակազմից բացակա մարդիկ կային, տեսանք, որ Հայկազի տեղաշորը արյունոտ էր ու սկսեցինք փնտրել Հայկազին: Նրան գտանք սպորտզալում, սկզբից մտածեցինք, որ ինքնասպանություն է, սակայն երբ գնացինք ռազմական ոստիկանություն, հասկացանք, որ սպանություն է»,- ասաց նա։
Պաշտպանական կողմի հարցին, թե ով է ասել, որ ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն, Հարություն Ալեքսանյանն ասաց, որ օրվա հերթապահն է ասել, բացի այդ սպանության մասին տեղեկացրել է քննիչը։
Դատախազի հարցին, թե ինչ խոսակցություններ էին պտտվում համալսարանում սպանության վերաբերյալ, Ալեքսան Հարությունյանն ասաց. «Մարտկոցի հերթապահ Թելման Մխիթարյանը պատմել է, որ Հայկազ Բարսեղյանը ինչ-որ արտահայտություն է արել, որի մասին տեղեկացվել են ամբաստանյալներն ու Հայկազին սպանել են»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին, թե նախորդ տարվա հունվարին, երբ Վաչե Սահակյանի ծնունդն է եղել, եղել են մարդիկ, որ չեն ցանկացել գումար հավաքել, սակայն ստիպված հավաքել են, տուժողն ասաց. «Մեկը ես չեմ տվել գումար, որովհետև նախ չունեի, և երկրորդ՝ ես նրա հետ այն հարաբերությունների մեջ չէի, որ գումար տայի: Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր չեն ցանկացել, սակայն գումար տվել են, հնարավոր է լինեն այդպիսիք, որ վախենան ու չասեն, որ ստիպված են տալիս»:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել՝ Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










