Բելառուսի նախագահը հանձնարարել է երկրում միջին աշխատավարձը հասցնել 500 դոլարի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը հանձնարարել է հաջորդ տարի հասնել երկրում ամսական 500 դոլարի համարժեքի չափով աշխատավարձի: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Բելառուսի ազգային վիճակագրական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում երկրի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 743,6 բելառուսական ռուբլի կամ ընթացիկ պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ 382,6 դոլար:
«Պատրաստվե՛ք հաջորդ տարի միջին աշխատավարձը 500 դոլարի հասցնելուն»,- ասել է Լուկաշենկոն Մոգիլևի շրջան կատարած այցի ժամանակ: Նախագահը նշել է, որ աշխատավարձի ներկայիս մակարդակն անբավարար է համարում:
«Ես չեմ ասում, որ պետք է վճարեն չվաստակած գումարներ: Ոչ մի դեպքում: Այլապես մենք կվերադառնանք նրան, ինչից սկսել ենք երկու տարի առաջ: Մենք պետք է խթանենք մասնավոր և պետական ձեռնարկությունների ղեկավարներին, որ մոտենանք 500 դոլարին»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:










