Որևէ կողմնակի միջամտություն չկա, բայց Մատենադարանի աշխատակազմը հակված է պաշտոնակատարի թեկնածությանը. Վարդի Քեշիշյան
Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ Մատենադարանի տնօրենի ընտրության հարցում որևէ անձնական միջամտություն, կողմնակի ազդեցություններ կամ արգելք չկա, ուղղակի ընտրությունը հետաձգել են՝ ավելի լուրջ կազմակերպելու համար:
«Ձեզ հավատացնում եմ՝ դրական, բաց, թափանցիկ մոտեցում կա: Չկան կողմնակի ազդեցություններ, պարզապես որոշվեց մի փոքր հետաձգել, որպեսզի կազմակերպչական ընթացքն ավելի ճիշտ հունով գնա, վրիպումներ թույլ չտանք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ծանր հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արևելագիտության թեկնածու, գիտական քարտուղար Վահան Տեր-Ղևոնդյանը: Ըստ մամուլի՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է 6 ամիս Մատենադարանը թողնել պաշտոնակատարի հույսին, ինչը կանոնակարգի խախտում է: ՉԻ-ի եզրակացությամբ՝ կոնկրետ անձի համար են ապօրինաբար ժամանակ շահում, ում մտադիր են տնօրեն նշանակել դրսից:
Վարդի Քեշիշյանը նշեց, որ ընտրության կարգում որևէ խախտում չկա, ընթացակարգն իր հունով ընթանում է: «Մատենադարանի կառավարման, գիտական խորհուրդը միացյալ որոշում է կայացրել՝ նույնիսկ նախարարի մասնակցությամբ, որ հարցերը քննարկվեն և վերջնական փուլում նոր հայտարարություն արվի՝ ավելի լավ պատրաստվելու, առաջարկներ լսելու, քննարկելու համար: Ի վերջո, Մատենադարան է, որի տնօրենի նշանակումը հավասարազոր է նախարարի պաշտոնին, պետք է լավ նախապատրաստվել, ուսումնասիրել»,- ասաց Միջազգային կապերի բաժնի վարիչը։
Ըստ Վարդի Քեշիշյանի՝ հետաձգման որոշման կոնկրետ 6 ամսվա ժամկետ չի դրվել. «Ժամկետ չի նշվել, գուցե ավելի շուտ, կամ՝ ուշ»:
Հարցին, թե կանոնակարգով սահմանված 30 օրը բավարար չէ՞ր, Վարդի Քեշիշյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև նախ և առաջ նույնիսկ Մատենադարանի աշխատակազմի գիտական խորհրդի համար անակնալ էր տնօրենի վաղաժամ մահը, և մի փոքր ժամանակ է պետք կարգավորելու։ Հիմա ունենք պաշտոնակատար, նորմալ գործընթաց է, ոչ մի բան նախնական ծրագրից հետ չի մնում, Մատենադարանն իր գիտական և թանգարանային գործերով է զբաղված, խախտում ու ընդհատում չկա, ծրագրերը դեռ մի բան էլ ավելիով իրականացվում են»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է հետաձգման պատճառը առաջադրված թեկնածուների բացակայությո՞ւնն է, Վարդի Քեշիշյանը պատասխանեց. «Թեկնածուների հարց առայժմ չի դրվել: Հարցն այն չէ, որ թեկնածու չկա, այն է, որ առաջադրվողներ էլ առայժմ չկան, մինչև ժամկետ հայտարարվի»,- ասաց նա և հավելեց, թե կարող են թեկնածուներ առաջադրվել ինչպես Մատենադարանից, այնպես էլ դրսից:
Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Միջազգային կապերի բաժնի վարիչը տեղյակ չէ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն արդյոք մտադրություն ունի՞ առաջադրվել. «Ես չգիտեմ, իր ցանկությունն է, բայց եթե առաջադրվի, ներքին տրամադրվածությամբ՝ աշխատակազմը գոհ կլինի, այն առումով, որ նա կշարունակի մեր նախորդների՝ առաջին տնօրեն Լևոն Խաչիկյանի, Սեն Արևշատյանի, նրա հաջորդի՝ Հրաչյա Թամրազյանի գիծը։ Եթե դնի իր թեկնածությունը, կարծում եմ, բոլորն էլ կողմ կլինեն»,- ասաց նա:
Սակայն, ըստ Քեշիշյանի, դա չի նշանակում, որ անհամաձայնությունների որևէ խնդիր կա: «Ընդհակառակը՝ ամեն ինչ գնում է նրան, որ պահվի Մատենադարանի բարձր վարկը, հեղինակությունը, և ամբողջ ռեսուրսը, որ կուտակվել է այս տասնամյակներին՝ շարունակի նույն հունով: Ով կլինի, դա արդեն կախված է որոշ հանգամանքներից, թեկնածուներ կդրվեն, ընթացքը ցույց կտա»,- ասաց նա:
Իսկ թե կասկած չունե՞ն, որ ձգձգման պատճառը դրսից նոր մարդ բերելու պատճառով է, ինչպես մամուլն է մատնանշում, վարչության պետն արձագանքեց. «Ոչ, երբեք, հարցն այն է, որ ժամանակ է պետք։ Խորհուրդը մեծ է, և մեր տրամադրությունն էլ... պատրաստ չէինք, ինչը ժամանակ է պահանջում»,-ասաց Վարդի Քեշիշյանը։










