Եթե «1000 դրամի» օրինագիծը շրջանառությունից չհանվի, ապա կոռումպացված չինովնիկների ցանկ ենք ներկայացնելու Գլխավոր դատախազություն. Ա. Սաքունց (տեսանյութ)
«Բողոք 1000 դրամ թալանի դեմ» նախաձեռնության կողմից կազմակերպած ակցիային շուրջ 10 հոգի էր մասնակցում: Ազգային ժողովի դիմաց նախատեսված ակցիան վերածվեց մամուլի ասուլիսի: Բայց, ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քանակը չէ, որ կարևոր է:
«Ցավոք, մասնակիցներս մի քանի հոգի ենք, բայց քանակը չէ կարևոր: Իհարկե, ավելի մեծ ազդեցություն կունենար, եթե ավելի շատ հավաքվեինք, բայց փաստը սա է: Չեմ կարող ենթադրել, թե ինչու է քիչ մարդ եկել: Կարծում եմ, որ մարդիկ չեն հավատում, ոչ միայն նրան, որ իշխանությունները արդյունավետ կարող են օգտագործել այդ փողերը, այլ նաև նրան, որ պայքարի նկատմամբ հավատ չունեն: Անհուսության սինդրոմ կա»,- մանրամասնեց Սաքունցը:
Նա նշեց, որ իրենք պահանջում են օրենքը հանել շրջանառությունից, ըստ որի, հիշեցնենք, առաջարկվում է զոհված կամ հաշմված զինծառայողների ընտանիքներին ամեն ամիս պարտադիր կարգով 1000-ական դրամ հատկացնել:
Արթուր Սաքունցի խոսքով՝ օրինագիծը պետք է հանրային քննարկման դրվեր, որովհետև մարդկանց համար 1000 դրամը քիչ փող չէ:
Նա նաև զգուշացրեց, որ եթե օրինագիծը շրջանառությունից չհանվի, ապա իրենք կազմելու ենք կոռումպացված չինովնիկների ցանկն ու ներկայացնելու են այն ՀՀ գլխավոր դատախազություն:










