Ծննդկանը մահացել է մի ախտորոշմամբ, որն իմ 15 տարվա գործունեության մեջ չի հանդիպել. Մերի Մարգարյանին հետազոտած բժիշկ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց «Շենգավիթ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը։
Վերջինս պատմեց, որ ինքը, նախքան հիվանդանոցում հանդիպելը, ճանաչել է Մերի Մարգարյանին ու նրա հարազատներից մի քանիսին, իսկ որպես գործընկերներ ճանաչում է ամբաստանյալներին, որոնց հետ երկար տարիներ աշխատել է։
Արամ Գրիգորյանը պատմեց, որ մի անգամ հետազոտել է Մերի Մարգարյանին, երբ իջել է բաժանմունք մեկ այլ հղիի ցավազրկելու համար.
«Ժամը գիշերվա չորսի սահմաններում Մերին ձայնս լսեց բաժանմունքում և եկավ, ես էլ այդտեղ էլեկտրոնային մոնիտորի միջոցով ստուգեցի պուլս, ճնշում և այլն։ Հղիի կարգավիճակը հաշվի առնելով` ցուցանիշները նորմալ էին։ Հետո գնացի նրա մոտ, հետազոտեցի։ Թոքերը նույնպես լսեցի, պաթոլոգիկ ոչ մի փոփոխություն չեմ նկատել, գիտակցությունը պարզ էր, ցավեր չուներ»,- ասաց բժիշկը։
Բժշկի խոսքով՝ առավոտյան ժամը ութի սահմաններում իջել է Մերի Մարգարյանի պալատ, որտեղ եղել է նաև Շուշանիկ Բախշյանը, ով հայտնել է, որ պետք է նեղ մասնագիտական հետազոտություններ անեն։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին, թե ինչ ախտորոշմամբ է Մերի Մարգարյանը հոսպիտալացվել, Արամ Գրիգորյանը պատասխանեց, որ գրիպոզ վիճակով է հոսպիտալացվել։ Հարցին՝ պարզե՞լ էին Մերի Մարգարյանի ջերմության պատճառը, որ դեղեր էին նշանակում ջերմությունն իջեցնելու համար, բժիշկը պատասխանեց, որ ջերմության աղբյուրը չեն պարզել։
Բժիշկը նաև ասաց, որ տեղյակ է, թե ինչից է մահացել Մերի Մարգարյանը. ««HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ է մահացել, որն իմ տասնհինգ տարվա գործունեության մեջ ինձ չի հանդիպել, ես ծանոթ եմ դրան գրականությունից»։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին, թե բժիշկը կարո՞ղ է բացառել, որ հենց «HELLP»-ն էր զարգանում Մերի Մարգարյանի մոտ Արամ Գրիգորյանի կողմից հետազոտման պահին, վերջինս պատասխանեց. «Չեմ բացառում»։
Հարցին, թե ինչպես է գնահատում իր կողմից գիշերվա ժամը 4-ի սահմաններում արված հետազոտությունը, բժիշկը պատասխանեց. «Այս պահի դրությամբ՝ բավարար»։
Արամ Գրիգորյանն ասաց, որ այնուհետև տեղեկացել է, որ Մերի Մարգարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ. «Իմ անձնական ստուգումների համար գնացել էի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տեսել եմ Մերի Մարգարյանի հարազատներին և տեղեկացել Մերիի մասին»։
Դատարանը փորձեց բժշկից ճշտել՝ արդյոք ի՞նքն է խորհուրդ տվել Մերի Մարգարյանին, որպեսզի նրա հղիությունը վարի Շուշանիկ Բախշյանը, քանի որ Մերի Մարգարյանի հարազատներն ասել են, որ ինքն է նման խորհուրդ տվել Մերի Մարգարյանին, սակայն բժիշկն ասում է,որ Մերի Մարգարյանից է տեղեկացել, որ ինքը հերթագրվել է Շուշանիկ Բախշյանի մոտ։
Բժիշկ Գրիգորյանն՝ ի պատասխան նշեց. «Մերիի դեպքում, նա ինձ հարցրել է կարծիք Բախշյանի մասին, ես ասել եմ, որ իմ երրորդ երեխայի ծնունդը վստահել եմ Բախշյանին, բայց Մերին արդեն գրանցվել էր Շուշանիկ Բախշյանի մոտ»։
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










