Դա քննության արդյունք չէ. Ալեք Ենիգոմշյանը Սարի թաղի դեպքերի վերաբերյալ Դատախազության հայտարարության մասին  

20:00 • 15.11.16

«Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից չորս ամիս անց եթե նոր է դատախազությունը հանդես գալիս հայտարարությամբ, ապա դա քննության արդյունք չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, անդրադառնալով ՀՀ դատախազության տարածած այն հաղորդագրությանը, թե հուլիսի 29-ին Երևանի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ:

«Տեխնիկապես նման հնարավորություն չկար, որ ես ներկա լինեի երթին և տեղյակ լինեի, թե ինչ աշխատանքներ էր կազմակերպվում, սա զուտ տեխնիկապես: Իսկ ընդհանրապես, եթե նախապատրաստական աշխատանքների և ծրագրի մասին դատախազությունը նոր է հանդես գալիս հայտարարությամբ, ապա դա չի կարող քննության արդյունք լինել»,-ասաց Ենիգոմշյանը:

Նրա խոսքով՝ եթե նախապատրաստական աշխատանքներ տարվեին կամ ծրագիր լիներ, ապա դե կպարզվեր հենց դեպքերին նախորդող օրերին, ոչ թե չորս ամիս անց.«Սա հերթական սադրանքն է»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործը պահանջվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար: