Չես կարող մերժել, թե չունեն գորգագործություն արվեստը, այլ խնդիր է, որ ամբողջը գողացված է․Վ․Կաժոյանը ադրբեջանական գորգարվեստի մասին

17:08 • 15.11.16

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանի խոսքով՝ իրենք մշտապես ցանկացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տեսնելու հայկական գորգարվեստի դրսևորումներ:

Tert.am-ի հետ զրույցում նա ասաց․«Մենք սա անում ենք, բայց չենք անում ի հակակշիռ այլ երկրի, այլ մեր հարստությունն է, մեր պատմամշակութային ժառանգությունն է, որն ուզում ենք ցույց տալ»:
 
Նշենք, որ «Ղարաբաղ կարպետի» տնօրեն Սևակ Խաչատրյանը  վերջերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր իր մտահոգությունները, թե միջազգային ցուցահանդեսներում ադրբեջանցիներն ու թուրքերը Արցախի և Հայաստանի հին նախշերով գորգերը ներկայացնում են որպես ադրբեջանական և թուրքական գորգեր: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարն այս խնդրի վերաբերյալ պատասխանեց, որ նման խնդրով իրենք չեն զբաղվում․ «Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ներկայացվեն հայկական մշակույթի տարրեր, ապա մենք կարող ենք բողոքել: Իսկ ինչ վերաբերում է միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին, ապա դա արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի  կանոնադրության շրջանակներից դուրս է, այդ հարցով պետք է զբաղվի կամ զբաղվում է մշակույթի նախարարությունը»:

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում կա ընդգրկված  ադրբեջանական գորգը, և խոսքը  հենց մեկ գորգի մասին չէ, ընդհանուր՝ գորգագործությունն  է նկատի առնված:

«Չես էլ կարող մերժել, թե չունեն գորգագործություն արվեստը: Այլ խնդիր է, որ ամբողջը պատմական առումով գողացված է, ադրբեջանական գորգ ասվածը ոչ այլ ինչ է, քան պատմականորեն հայկականը կամ պարսկականը,- ասաց նա՝ հավելելով,- Ի պաշտոնե մեզ դա չի առնչվում, խնդիր չկար, որը կարելի էր բողոքարկել, հավակնություններ չկան հայկական գորգերի հանդեպ: Իրենք ներկայացնում են իրենց գորգարվեստը, իրենց մշակույթը»: