Կարո Եղնուկյանի պաշտպանի դիմումի քննությունը հետաձգվել է Կարո Եղնուկյանի ներկայությունն ապահովելու համար
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանը հետաձգել է: Պաշտպանը դիմել է Վերաքննիչ՝ Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառվող տեսակցության և հեռախոսազանգերի վերաբերյալ արգելքը վերացնելու պահանջով։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը. «Կարո Եղնուկյանը ցանկացել է ներկա գտնվել դատական նիստին,իսկ դատարանը նրա ներկայությունն ապահովելու համար նիստը հետաձգել է»։
Նշենք,որ Հայրապետյանը Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ուժի մեջ է շարունակում մնալ Կարող Եղնուկյանի 83-ամյա մոր և 10-ամյա աղջկա տեսակցության թույլտվությունը միայն մեկ անգամ, քննիչը մեկական անգամ տեսակցելու հնարավորություն է տվել նաև Կարո Եղնուկյանի կնոջն ու դուստրերից մեկին:
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:










