Դեկտեմբերի վերջին 10 օրերին գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով. գյուղատնտեսության փոխնախարար

21:00 • 15.11.16

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն անդրադառնում է հարցին, թե քանի՞ գյուղատնտեսական տոնավաճառ է գործում այսօր Երևանում, որքա՞ն ապրանք է սպառվում այդ շուկաներում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացված վերջին քննարկմանը:

- Պարոն Մակարյան, քանի՞ գյուղատնտեսական տոնավաճառ  է գործում այսօր Երևանում:

- Երկու գյուղատնտեսական մթերքի տոնավաճառ է գործում. առաջինը Կենտրոն վարչական շրջանում՝ «Մալիբու» սրճարանի հետնամասում, որը բացվել է հուլիսի 23-ին, երկրորդը գործում է Արաբկիր վարչական շրջանում՝ Կասյան փողոցին հարակից հրապարակում, որն էլ գործում է հունիսի 11-ից: Դրանք գործում են շաբաթ և կիրակի օրերին: Այսօրվա դրությամբ կազմակերպվել են շուրջ 79 տոնավաճառներ:

- Քանի՞ գյուղացիական տնտեսություններ են մասնակցել մինչ այս կազմակերպված տոնավաճառներին, և ի՞նչ քանակությամբ ապրանք է սպառվում դրանց ընթացքում:

- Կազմակերպված 79 տոնավաճառներին մասնակցել է շուրջ 110 հազար գյուղացիական տնտեսություն: Հիմնականում ներկայացված են Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ մարզերը, սակայն, ընդհանուր առմամբ, տոնավաճառներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից:

Ինչ վերաբերում է սպառման թվերին, ապա մենք օրական մոնիտորինգ ենք իրականացնում, որի արդյունքում պարզ է դառնում, որ յուրաքանչյուր տոնավաճառի ընթացքում շուրջ 40-50 տոննա գյուղմթերք է վաճառվում:

- Պարո՛ն Մակարյան, նշվում է, որ տոնավաճառներում գյուղմթերք են վաճառում նաև վերավաճառողները, ինչը խոչընդոտում է գյուղացիների մի մասի մուտքը շուկա սահմանափակ տեղերի պատճառով: Գյուղնախարարությունը ի՞նչ գործողություններ է ձեռնարկում այս երևույթի դեմ:


- Նման փորձեր լինում են, քանի որ այդ օրերին բավականին մեծ հոսք կա գնորդների, սակայն մենք ունենք մեխանիզմներ, որոնք բացառում են վերավաճառողների մուտքը գյուղատնտեսական շուկաներ: Այդ շուկաների գաղափարն այն է, որ գյուղացին անմիջապես իր արտադրանքը վաճառի քաղաքաբնակներին, հետևաբար եթե մենք թույլ տանք նման բան, ապա այդ շուկայի գործունեությունը դառնում է անիմաստ: Մնացած բոլոր տեղերում վերավաճառողները վաճառում են գյուղացուց գնված ապրանքը, իսկ սա այն հարթակն է, որտեղ գյուղացին ու քաղաքացին պետք է շփվեն:

- Տոնավաճառներում տեղերն անվճա՞ր են և առնչվո՞ւմ են արդյոք գյուղացիները հարկային մարմինների հետ:

- 2011 թվականից են այդ տոնավաճառները գործում և  տեղերն ու կշեռքները, որոնք մեր կողմից ստուգաչափված են, գյուղացիներին տրամադրվում են անվճար: Ինչ վերաբերում է հարկային պարտավորություններին, ապա պետք է նշեմ, որ գյուղմթերքները չեն հարկվում և հետևաբար այդ տոնավաճառներում գյուղացիները հարկային մարմինների հետ որևէ առնչություն չեն ունենում:

- Որքա՞ն է գնային տարբերությունը գյուղատնտեսական տոնավաճառներում և ավանդական շուկաներում վաճառվող ապրանքների միջև:

- Հիմնական վաճառքի կետերից մոտավորապես 10 տոկոսով ավելի մատչելի են ապրանքները, որովհետև անմիջապես վաճառում են գյուղացիները: Շատերը, սակայն, կարծում են, որ եթե գյուղացին է վաճառում, ապա ավելի մատչելի պետք լինեն ապրանքները, բայց գյուղացին ժամանակ է ու ֆինանսներ ծախսում այդ տոնավաճառներ հասնելու համար:

- Նախատեսվո՞ւմ են արդյոք նոր գյուղատնտեսական տոնավաճառների ստեղծում:

- Մենք Երևանի քաղաքապետարանի հետ անընդհատ նոր տեղեր փնտրում ենք, որպեսզի ավելացնենք, բայց պետք է հաշվի առնել ենթակառուցվածքների առկայությունը, որոնք թույլ կտան շուկաներին գործել ավելի արդյունավետ: Անընդհատ քննարկումների գործընթաց կա այդ առումով, և եթե անհրաժեշտություն և պահանջարկ լինի մենք պատրաստ ենք շուկաների թիվը ավելացնել:

Նշեմ  նաև, որ դեկտեմբերի վերջին տասը օրերին գյուղատնտեսական այդ շուկաները կգործեն ամենօրյա ռեժիմով, որպեսզի քաղաքաբնակները կարողանան մատչելի գներով կատարել իրենց տոնական գնումները:

- Պարո՛ն Մակարյան, օրերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գյուղատնտեսության ոլորտին և գյուղացիական տնտեսութունների սուբսիդավորմանը վերաբերող խորհրդակցություն: Ի՞նչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում:

- Հանրապետության վարչապետի կողմից  ծրագրեր և մեխանիզմներ առաջարկելու հանձնարարական կա գյուղատնտեսության նախարարին և անձնակազմին: Դրանք բոլորը քննարկման փուլում են ամենօրյա ռեժիմով և առաջիկայում արդյունքների մասին կիրազեկենք: