Միլանի քաղաքապետը խնդրում է քաղաք զինվորականներ ուղարկել՝ անվտանգության ապահովման համար
Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան մտահոգված է քաղաքում անվտանգության հետ կապված իրավիճակի առնչությամբ և հայտարարել է քաղաք լրացուցիչ զինվորականներ ուղարկելու խնդրանքով կառավարությանը դիմելու մտադրության մասին, գրում է La Stampa-ն:
Սալան այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Միլանում երկու օրվա ընթացքում նախ փոխհրաձգություն է տեղի ունեցել ալբանացիների միջև, այնուհետև հարձակում է իրականացվել Դոմինիկյան Հանրապետության քաղաքացու վրա, որը երկուշաբթի մահացել է ստացած վնասվածքներից:
«Ես այդ մասին խոսում եմ արդեն մեկ տարի, և դա կքննարկեմ ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոյի հետ՝ հուսալով, որ քաղաք կուղարկեն ավելի շատ զինվորականներ: Ինձ բացատրել են, որ դա անհնար է եղել անել Հոբելյանական տարվա (Հռոմի պապի հայտարարած Գթասրտության տարի) պատճառով, բայց այժմ այն ավարտվում է, և այդ պատճառով ես կկրկնեմ իմ խնդրանքը»,- ասել է Միլանի քաղաքապետը:
Սալայի կարծիքով՝ զինծառայողները պետք է տեղակայվեն առավել «զգայուն թաղամասերում»՝ հաշվի առնելով, որ քաղաքի ծայրամասերում, մասնավորապես բազմազգ թաղամասերում, վաղուց առկա է անվտանգության հետ կապված խնդիրը:










