«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին նոր մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը նոյեմբերի 11-ին լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև սպանության և զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու հոդվածներով:
«Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է»,–Tert.am-ը հետ զրույցում հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի հետ բաժնից։
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ
կետերով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով:
Tert.am-ի հետ զրույցում Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Սմբատ Բարսեղյանն այժմ մեղադրվում է նաև 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն կատարելը՝ երկու կամ ավելի անձանց, անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով և այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով:
Բացի սպանության մեղադրանքը, Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել 238-րդ հոդվածի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Նշենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման հետևանքով մահացել է երեք ոստիկան՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը:










