ՌԴ անվտանգության ծառայությունը հայտնել է պայթուցիկ սարքերով ահաբեկիչների հերթական խմբի ձերբակալման մասին
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված հանցավոր խմբի 5 անդամի, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Ինգուշեթիայում և Մոսկվայում: Այդ մասին երեքշաբթի ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կանխվել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների իրականացման համար ստեղծված խմբի գործունեությունը»,- հայտնել են գերատեսչությունից:
Առգրավվել է կիրառման պատրաստ երկու ինքնաշեն պայթուցիկ սարք:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը նոյեմբերի 12-ին հայտնել էր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում ահաբեկչություններ կանխելու մասին: Դրանք նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել էր հանցավոր խմբի 10 անդամ՝ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ: Նրանք, մասնավորապես, պատրաստվում էին պայթյուններ իրականացնել Պետերբուրգի «Գալերեա» և «Ակադեմպարկ» առևտրի կենտրոններում:










