Եվրասիական միությունն ունի չիրացված հսկայական ներուժ. Վաչե Գաբրիելյան
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ առաջին նիստը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջույնի խոսքում նշել է, որ ընտրված հարցերը հանդիսանում են երկու երկրների հետագա զարգացման և համագործակցության խորացման անկյունաքարեր:
Փոխվարչապետը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությունը դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված կանխատեսելի և առավելագույնս փոխշահավետ հարաբերությունների զարգացման ձևաչափ:
Եվրասիական միությունը աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է, սակայն, ըստ Վաչե Գաբրիելյանի, այն այնուամենայնիվ ունի չիրացված հսկայական ներուժ: Ըստ զեկուցողի՝ անհրաժեշտ է որոշակիացնել այդ ներուժը, գտնել այն միասնական և ներպետական մեխանիզմները, որոնք թույլ կտան բազմապատկել արդյունքները:
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ թեև արդեն մեկուկես տարի է անցել միությանն անդամակցելուց, սակայն անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել գործընթացները և վեր հանել այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կարող են մարտահրավեր դառնալ ինտեգրման համար և լուծումներ տալով բոլոր մակարդակներում՝ նպաստել կայուն առաջընթացին:
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ իրավական նորմերի առումով ԵՏՄ-ն զգալի և էական քայլեր է կատարում շուկաների միասնականացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ ազատ շարժի աջակցման համար: Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է նաև որոշ վիճակագրական տվյալներ ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ:
Նշվել է, որ ինտեգրացիոն գործընթացները մեծ ջանքեր են պահանջում և Հայաստանն օգտագործում է համագործակցության ներուժը բոլոր հնարավոր ձևաչափերում՝ միջխորհրդարանական, միջկառավարական, միջգերատեսչական, մասնագիտական և անգամ լայն հասարակական շրջանակների ներգրավման առումով:










