«1000 դրամի օրինագիծը» կամավոր դարձնելու հայտարարությունը «գոլորշի բաց թողնելու» նպատակ կարող է ունենալ. քաղաքագետ   

16:12 • 20.11.16

 

«1000 դրամի օրինագծում» կամավորության տարր մտցնելու խոստումը կարող է ունենալ ինչպես գոլորշի բաց թողնելու, այնպես էլ այլ պատճառ։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց քաղաքագետ Լևոն Մարգարյանը։ Ըստ նրա՝ հենց սրանով է պայմանավորված ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո իշխանության կատարած այն հայտարարությունը, որ կարող է քննարկվել քաղաքացիների աշխատավարձից 1000 դրամ  գանձելու պարտադիր սկզբունքը կամավորով փոխարինելու հարցը:

«Հաշվի առնելով այն, որ մարդիկ, մեղմ ասած, գրկաբաց չընդունեցին, հիմա փորձում են մեղմել մի քիչ: Կամավորության այս սկզբունքի մյուս պատճառը կարող է լինել, որ որպեսզի 1000 դրամների հարկումը կտրուկ չսկսվի, ինչ-որ ժամանակ դա անեն կամավորության սկզբունքով: Եվ, միգուցե, այդ ընթացքում մեր հասարակության հեղինակավոր մարդկանց, նաև քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչների կդրդեն նրան, որպեսզի հենց նրանք լինեն այդ կամավորները: Ուզում եմ բերել պատգամավոր Կարեն Կարապետյանի օրինակը, որը հայտարարեց, որ պատրաստ է իր աշխատավարձը փոխանցել հիմնադրամին»,- մանրամասնեց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը հասկանում է, որ եթե հասարակությունը բանակի նկատմամբ կորցնի վստահությունը, իշխանությունն ու պետությունը կունենան լրջագույն խնդիրներ: Կամավորության սկզբունքի մասին հայտարարելու մյուս պատճառ, ըստ քաղաքագետի, կարող է լինել այն, որ նախագիծը մշակվեց ու հանրայնացվեց շատ արագ ռեժիմում, և կարող են դրանց հարկման, բաշխման հետ կապված տեխնիկական խնդիրներ գոյանալ:

Հիշեցնենք, որ, չնայած հնչած լրջագույն քննադատություններին, Ազգային ժողովի պատգամավորներից ընդամենը 3 պատգամավոր դեմ քվեարկեց նախագծին: