Մի շարք դպրոցների դասասենյակներում և ուսուցչանոցներում տեսախցիկներ են տեղադրվել. 7 մլն դրամ միայն թիվ 155 դպրոցն է ծախսել. Անահիտ Բախշյան

20:36 • 21.11.16

Երևանի մի շարք դպրոցների դասասենյակներում և ուսուցչանոցներում տեսախցիկներ կան տեղադրված, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վարույթ է հարուցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Ըստ քաղաքապետարանից ինձ տրամադրված տվյալների՝ Երևանի 18 դպրոցում տեսախցիկ է տրամադրված: Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վարչական վարույթ է հարուցել՝ ստուգելու համար դպրոցներում տեսահսկման իրականացման համապատասխանությունը անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջներին»,-ասաց Բախշյանը:

Անահիտ Բախշյանը հայտնեց, որ որոշ դպրոցներում տեսախցիկները տեղադրված են բակը, միջանցքն ու դպրոցի տարածքը հսկելու համար, ինչը հասկանալի է, սակայն որոշ դպրոցներում դրանք տեղադրված են դասասենյակներում և ուսուցչանոցներում. «Բոլորովին անհասկանալի է դասասենյակներում և ուսուցչանոցում տեղադրված տեսախցիկների նպատակը: Օրինակ՝ թիվ 27 դպրոցում դրանք տեղադրված են նաև ուսուցչանոցում և դասասենյակներում։ Որքան էլ տարօրինակ է, դա հիմնավորվել է: 2012 թվականին տեսախցիկների առկայության նպատակահարմարության մասին Երևանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ տիկին Աչոյանն ասել էր, թե դրանք կխթանեն ուսուցիչների դերասանական կարողությունների դրսևորմանն ու յուրաքանչյուր դասին ստեղծագործաբար մոտենալուն»,- ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամը:

Բախշյանի խոսքով՝ անհասկանալի է, թե այդ դեպքում ո՞վ և ինչպե՞ս պետք է վերահսկի դպրոցի տնօրենի գործունեությունը. «Դպրոցի տնօրենը տեսախցիկի միջոցով է հսկում դասը, իսկ տնօրենին ինչպե՞ս պիտի վերահսկել, թե ինքն ի՞նչ է անում դպրոցում, որքանո՞վ են իր քայլերն օգնում կրթության որակի բարձրացմանը և այլն»:

Հարցին, թե տեսախցիկների տեղադրման համար ֆինանսական ի՞նչ միջոցներ են հատկացվել, Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ որոշ դպրոցներում գումարներ հատկացվել են դպրոցի ֆոնդից, որոշ դպրոցներում՝ բարեգործական հիմնադրամներից.

«Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Երևանի թիվ 11, թիվ 27, թիվ 155, թիվ 171, թիվ 177 և թիվ 35-ում տեսախցիկները տեղադրվել են դպրոցի խնայած գումարներից, սակայն կա դպրոց, որը տեսախցիկները ձեռք է բերել Հայ օգնության ֆոնդի տրամադրած գումարներով: Սա շատ զարմանալի է. հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ հիմնավորում է ներկայացվել բարերարներին, որ նրանք կարևորել են տեսախցիկների համար գումար տրամադրելը»:

Բացի դրանից՝ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ, օրինակ, թիվ 27 դպրոցում տեսախցիկների ձեռքբերման համար հատկացվել է 1 մլն 902 հազար դրամ, թիվ 11 դպրոցում ՝ 928 հազար դրամ, թիվ 155 դպրոցում՝ 7 մլն դրամ, 177-րդ դպրոցում՝ 1,5 մլն դրամ, թիվ 171-ում՝ 992 հազար դրամ:

Անահիտ Բախշյանը դասասենյակներում և ուսուցչանոցում տեսախցիկների տեղադրումը համարում է ավտորիտար ղեկավարման մոդել: