Ապօրինի հարստության կուտակած մարդկանցից ոչ թե 1000 դրամ պետք է վերցնել, այլ միլիոն դրամ. ՀՀԿ պատգամավոր
Անօրինական կուտակված հարստության տեր մարդկանցից ոչ թե 1000 դրամ պետք է վերցնել, այլ միլիոն դրամ. այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին:
«Պարտադիրը համաձայն եմ, բայց երբ բանակի ներկայացուցիչ է ու դղյակ է կառուցել, թող հետաքրքրվեն՝ որտեղից է կառուցել։ Դրանցից ոչ թե 1000 դրամ, այլ միլիոն գանձեն, բանակն, այո, այդ դեպքում կուժեղանա, բայց ովքեր գողացել են, թալանել են՝ նրանցից, ինչի՞ մենակ գեներալն է թալանել»,- ասաց պատգամավորը:
Համլետ Հարությունյանը հայտարարեց, թե իր համար կոնկրետ նախագիծը ոչ թե դրամահավաք է, այլ գաղափարախոսություն, որը պետք է արմատավորվի հայ ժողովրդի մոտ: «Բանակը պետք է դառնա մեր ժողովրդի համար առաջին խնդիրը: Համաձայն եմ՝ բանակում կան ստոր մարդիկ, դասակի ջոկից սկսած մինչև գեներալ։ Հիմա էլ կան, որ ձեռքը մտցնում են բանակի գրպանը, սա ամենասարսափելի բանն է»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ժամանակին Իսրայելի օրինակին հետևեինք՝ բանակ-պետություն դառնալու համար, շատ ավելի առաջ գնացած կլինեինք:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե չի կարելի «այս սուրբ գաղափարն էժանացնել», որը 20 տարի հետո կունենա բոլորովին այլ նպատակ:
«Հավատացած եմ, որ հավաքված գումարը 20-25 տարիների ընթացքում կլինի առաջին հիմնադրամը, որից չեն կարողանալու գող ավազակները օգտվեն»,- ասաց նա:










