Արդեն 22-րդ օրն է շարունակվում են Սևանա լճում անհետացած երիտասարդի որոնողական աշխատանքները

12:35 • 21.11.16

 

Հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքները չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան։ 

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին այսօր իր զեկույցում նշել է Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը.  

«Արդեն 22-րդ օրն է, ինչ շարունակվում են ընդլայնված որոնողական աշխատանքները երիտասարդի դին գտնելու ուղղությամբ: Ամեն օր որոնողական աշխատանքներն ընդլայնվում են 500 մետրով, մոտորանավակներով փրկարարները շրջում են ափամերձ տարածքներում: Նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ՝ ջրափրկարարական գույքը համալրվել է ստորջրյա սկուտերով, որն աշխատում է մինչև 40 մ խորությամբ և կարող է 75 րոպե մնալ ջրում: Սկուտերը հնարավորություն կտա ջրասուզակին արագ և առավել լայն շառավղով իրականացնել որոնողական աշխատանքները, ինչպես նաև՝ խնայել ուժերը»,- նշել է ՄՓՎ պետը՝ հավելելով, որ խստորեն հետևում են նախարարի հանձնարարականին՝ ըստ որի որոնողական աշխատանքները չեն դադարի և կշարունակվեն այնքան, որքան եղանակային պայմանները թույլ կտան: