Պայթյունից զոհված 13-ամյա տղան աշխույժ և աշխատասեր էր, ինքն էր պահում ընտանիքը. Վանաշենի գյուղապետ

09:51 • 21.11.16

Արարատի մարզի Վանաշեն գյուղում ցնցված են 13-ամյա Գագիկ Մինասյանի զոհվելու փաստից, և թե որտեղից նրա ձեռքին կարող էին հայտնվել փամփուշտներ: Tert.am –ին այս մասին հայտնեց Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը:

«Քննչական կոմիտեն, ոստիկանությունը գյուղում են և փորձում են պարզել` երեխայի մահվան պատճառը փամփուշտնե՞րն ե ն եղել, թե՞ նռնակ է եղել»,- հաղորդեց գյուղապետն ու ավելացրեց.

«Ամբողջ գյուղը շոկի մեջ է, ու  որտեղի՞ց կարար 13 տարեկան երեխայի ձեռքին փամփուշտ հայտնվեր»:

Ինչպես արդեն հաղորդել էինք, Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն այսօր ժամը 19։40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին և քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել և  դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։

Գյուղապետը հայտնեց, որ Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում սովորող և տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ բնակվող տղան շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր, «աչքի ընկնող»:

«Կարելի ա ասել, որ ինքն էր տունը պահում, գնում էր դաշտերը` 3000-4000 դրամով աշխատում, տալիս մորը, որն ինքն էլ դաշտում է աշխատում»,- ասաց Արտաշես Գրիգորյանը:

Գյուղապետը պատմեց, որ տղայի ընտանիքը գյուղ է տեղափոխվել Երևանից 2000 թվականին, և երեխան ծնվել էր գյուղում: