Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալված կա. հարուցվել է քրեական գործ

14:43 • 21.11.16

Վանաձոր քաղաքում երեկ տեղի ունեցած 21-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով կա ձերբակալված:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով. «Վանաձորում սպանված Հարություն Աղաջանյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանությունը կատարելու կասկածանքով կա ձերբակալված»:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը  պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Վանաձորի Երևանյան խճուղու 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է անհայտ քաղաքացու դի՝ գետնին ընկած վիճակում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է Հարություն Ա.-ի դին՝ թիկունքի, որովայնի և աջ ձեռքի շրջանում կտրած ծակած վնասվածքներով: