Լիբիայում կապիկը զինված կոնֆլիկտի պատճառ է դարձել. կա 16 զոհ

10:22 • 21.11.16

Լիբիայի հարավում գտնվող Սաբհա քաղաքում արդեն 4-րդ օրն է՝ 2 թշնամական ցեղախմբերի միջև շարունակվում է զինված կոնֆլիկտը՝ խլելով առնվազն 16 մարդու կյանք:


Ինչպես նշում է Reuters-ը, արյունահեղության պատճառը կապիկն է, որը պատկանել է Քադադֆա ցեղախմբից մի խանութպանի: Հայտնի է, որ կենդանին հարձակվել է խանութի կողքով անցնող մի խումբ դպրոցականների վրա, որոնք էլ Ավլադ Սուլեյման ցեղախմբի ներկայացուցիչներ են:


Աղբյուրը մանրամասնում է, որ կապիկի հարձակման պատճառով աշակերտուհիների բարեկամները սպանել են թշնամական ցեղախմբի 3 ներկայացուցչի, ինչպես նաև կապիկին:


Դրանից հետո, բնակիչների պատմելով, քաղաքում մարտեր են սկսվել տանկերի, ականանետների ու ծանր զրահատեխնիկայի այլ տեսակների կիրառմամբ: Զոհերից բացի՝ հաղորդվում է մոտ 50 վիրավորի մասին: