Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ դեղորայքային բուժումը. ՔԿՀ

15:59 • 21.11.16

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս փաստաբանի կողմից հնչեցրած մտահոգության առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, որ Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը:

Ըստ Քրեակատարողական հիմնարկի տարածած հաղորդագրության՝ ուսումնասիրելով կատարված գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, զննելով հիվանդին կոնսիլիումը եզրակացրել է, որ ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը: Այդուհանդերձ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ:

Հիշեցնենք, որ այօսր Նորք–Մարաշ զինված խմբի գործով կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել էր, որ իր պաշտպանյալի վիճակը ծայրահեղ ծանր է . «Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է։ 3 ամիս է նա չի կարողացել լոգանք ընդունել, քանի որ անհրաժեշտ է մեկ հարկ իջնել, չի կարողացել իջնել, ցնցուղի տակ կանգնել, որովհետև ի վիճակի չէ ուղղակի»,- ասել էր նա և նշել, որ Շիրխանյանը 11 օրվա ընթացքում 3 400 դեղահաբ է ստացել: