Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ բանկից և կազմակերպություններից շորթման նպատակ ունենալու համար
«Անալիտիկ» լրատվական կայքի գլխավոր տնօրեն, այժմ կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Անի Հովհաննիսյանն ինչ-որ մի կազմակերպության գովազդային առաջարկ անելու համար մեղադրվում է իբր շորթման մեջ: «Անալիտիկ» կայքի գովազդային մասնագետը` ոչ Անի Հովհաննիսյանը, ինչ-որ մի հայտնի բանկի և բազմաթիվ այլ կազմակերպությունների, զանգահարել և գովազդ է առաջարկել, հիմա որոշել են, որ նման առաջարկ անելը շորթման նպատակ է հետապնդում»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ վերջերս Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքներից Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է, իսկ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասը փոխվել է մեկ այլ մեղադրանքով: Անի Հովհաննիսյանը մեղադրվում է 182-րդ հոդվածի 1-ին մասով և առանձին ավելացվել է նաև ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շորթում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 3-ին Անի Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել:










