Համերգային շրջագայության չեղարկումից հետո Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է
Ամերիկյան հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որը Սակրամենտոյում կայացած համերգի ժամանակ անսպասելիորեն հայտարարել էր համերգային շրջագայության չեղարկման մասին, հոսպիտալացվել է Լոս Անջելեսում:
Ինչպես նշում է nbcnews.com կայքը՝ վկայակոչելով երաժշտին մոտ աղբյուրների, հոսպիտալացման որոշումն ընդունվել է հանուն ռեփերի առողջության և անվտանգության:
Ուեսթի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ հիվանդանոց տեղափոխվելու և համերգային շրջագայության չեղարկման վերաբերյալ: Մինչդեռ The Daily Mail-ը հավելում է, որ ռեփերի մոտ տեղի է ունեցել նյարդային պոռթկում, և նրան հիվանդանոց են տեղափոխել ձեռնաշղթաներով։ Հայտնի է, որ նա առնվազն 2 օր անցկացնելու է բուժհաստատությունում։
Աղբյուրը նկատում է, որ անցած 1 շաբաթը բավականին ծանր է եղել ռեփերի համար: Վերջին 7 օրվա ընթացքում տեղի ունեցած համերգների ժամանակ Ուեսթը բավականին ագրեսիվ է տրամադրված եղել ու բեմից անընդհատ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր գործընկերների ու այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների հասցեին:
Օրերս Սակրամենտոյում կայացած համերգի ժամանակ ռեփերը բեմ է բարձրացել 1.5 ժամ ուշացումով և ընդամենը 2 երգի կատարումից հետո անսպասելիորեն հայտարարել է համերգի և ամբողջ շրջագայության ավարտի մասին:










