Պեսկովը մեկնաբանել է Կալինինգրադում «Իսկանդերների» տեղակայման մասին հաղորդագրությունները

16:09 • 22.11.16

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի ապահովել իր սահմանների անվտանգությունը՝ ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու ֆոնին, հայտնում է ТАСС-ը:


Այդ մասին նա հայտնել է՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Ռուսաստանի կողմից Կալինինգրադում հրթիռային համալիրների տեղակայման մասին հաղորդագրությունները:


«Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն բան իր անվտանգությունն ապահովելու համար: ՆԱՏՕ-ն իրականում ագրեսիվ դաշինք է, այդ պատճառով Ռուսաստանն անում է անհրաժեշտ ամեն բան դրա համար, և այս դեպքում այն ունի բոլոր ինքնիշխան իրավունքներն ընդունելու անհրաժեշտ միջոցառումներ դաշնության ամբողջ տարածքում»,- ասել է Պեսկովը:


Մամուլի քարտուղարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք այդ համակարգերն արդեն տեղակայված են և արդյոք այնտեղ են գտնվելու մշտական հիմունքով:


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել են, որ Կալինինգրադում «Իսկանդեր» և Ս-400 հրթիռային համալիրների տեղակայումը կարող է ապակայունացնող ազդեցություն ունենալ եվրոպական անվտանգության վրա: