Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին
ԱՄՆ պետդեպարտամենտն առաջիկա տոների ընթացքում «Եվրոպայի ամբողջ տարածքում» ահաբեկչությունների վտանգի վերաբերյալ պաշտոնական նախազգուշացում է թողարկել երկրի քաղաքացիների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վստահելի տեղեկատվությունը վկայում է, որ «Իսլամական պետությունը», «Ալ- Քաիդան» և դրա մասնաճյուղերը շարունակում են ահաբեկչություններ պլանավորել Եվրոպայում՝ ուշադրությունն ուղղելով առաջիկա հանգստյան շրջանին և դրա հետ կապված իրադարձություններին»,- ասված է Պետդեպարտամենտի փաստաթղթում:
Այդ առնչությամբ նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է նաև պատրաստ լինեն նրան, որ ծայրահեղականներին սատարողները կամ միայնակ ծայրահեղականները կարող են հարձակումներ գործել առանց նախազգուշացման:
«Ահաբեկիչները կարող են կիրառել տարբեր մարտավարություններ՝ օգտագործելով ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական զինատեսակներ»,- զգուշացնում են գերատեսչությունում:
Առավել մեծ զգոնություն է հարկավոր ցուցաբերել զբոսաշրջային վայրերում, տրանսպորտում, առևտրի կետերում և մարդկանց կուտակման այլ վայրերում:










