«Արգել» գործարանը վաճառքի է հանվել. ընկերությունը չի վճարել աշխատակիցների 6 ամսվա աշխատավարձը
Այսօր առավոտից Կոտայքի մարզի «Արգել» ընկերության մոտ 100-120 աշխատակիցներ փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով 6 ամսվա աշխատավարձերը, որի վճարում մոտ 1,5 տարի ձգձգվել է: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունը, տևական ժամանակ պայքարելով տնտեսական խնդիրների դեմ, դադարեցրել է գործունեությունը:
Նշենք, որ «Արգել» ՓԲԸ-–ն բազալտից մանրաթել է ստանում, հետո այդ մանրաթելը վերածվում է ամրանի, ամրալարի, ցանցի, խողովակի, գործվածքի:
«Ժողովուրդը փակել է ճանապարհը աշխատավարձի պատճառով, մենք էլ բոլորս մարզպետի գլխավորությամբ էստեղ ենք, որ ճանապարհը բացենք, գնանք կոմպրոմիսի, տեսնենք ինչ ենք անում: Բայց ժողովուրդը կատաղած է, 1,5 տարի աշխատավարձ չի ստացել, ոչ մի կերպ չի համակերպվում, աշխատավարձ են ուզում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արգելի գյուղապետ Մաթևոս Ավագյանը:
Ըստ գյուղապետի, տևական ժամանակ տնտեսական խնդիրներ ունեցող ընկերությունը սնանկացել է և այսօր սեփականատերը փորձում է այն վաճառել՝ պարտքերը վճարելու համար:
«Առք ու վաճառք է ուզում կազմակերպի, դրսից ինչ–որ մարդիկ կան, որ ուզում են գնել գործարանը: Գործարարն ուզում է վաճառել գործարանը, որ գոնե աշխատավարձ տա: Հիմա վաճառքը ընթացքի մեջ է: Առայժմ ոչ մի բան չի արվում, էս մարդիկ էլ հնարավորություն չունեն սպասելու»,- ասաց գյուղապետը:
Ըստ Մաթևոս Ավագյանի՝ «Արգել» գործարանի սեփականատերն այժմ Վրաստանում է՝ նոր գնորդների հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին «Արգել»-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանը գնացել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, աջակցություն խնդրել նախարար Սուրեն Կարայանից՝ ներկայացնելով ընկերության արտադրական հնարավորություններն ու խնդիրները, խոսել գազի բարձր գնի, որն արտադրանքի ինքնարժեքի մեծ տեսակարար կշիռ ունի, ընկերության կողմից ստանձնած դոլարով վարկային պարտավորությունների և սերտիֆիկացման հետ կապված մեծ ծախսերի մասին:
Նախարար Կարայանը պատրաստակամություն էր հայտնել առաջիկայում այցելել «Արգել» ընկերություն և տեղում ծանոթանալ արտադրական հնարավորություններին ու խնդիրներին:
Գործարանում աշխատում է մոտ 150 հոգի, իսկ տարեկան արտադրողականությունը մինչև 100 տոննա է:
Բազալտի մանրաթելն օգտագործվում է անսահմանափակ թվով բնագավառներում` սկսած շինանյութերի արտադրությունից. ամրան և ամրալար, գետնին փռվող տախտակամած, խողովակներ, նույնիսկ` գործվածք, որից հատուկ նշանակության արտահագուստ, զրահաբաճկոն են կարում, խողովակներ, տարբեր դետալներ: Աղացած բազալտը հալեցվում է հատուկ վառարաններում, որից հետո հատուկ տեխնոլոգիայով, ջերմային ռեժիմներով ստացված հալույթը ձգվում ու վերածվում է թելի:
«Արգել» ընկերությունից Tert.am-ի հեռախոսազանգին ի պատասխան ասացին, որ մեր հարցերին կարող է պատասխանել միայն ընկերությանը ղեկավարը, որը գործուղման է:










