Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը և Արաիկ Հովհաննիսյանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Գիտության և կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի և Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը:
Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության, ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստին առնչվող կազմակերպչական և այլ հարցեր, ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր:
ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ է վերընտրվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ԱՊՀ 25-ամյակի և ժամանակակից իրողություններին ԱՊՀ համապատասխանեցման մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել:
Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկմանը ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը զեկուցել է Հերմինե Նաղդալյանը, ով դիտորդական խմբի համակարգողն էր:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ հանրաքվեն անցկացվել է առավելագույն ակտիվությամբ, հանդիպումներ են տեղի ունեցել Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի երկու պալատների խորհրդարանականների, Սահմանադրության փոփոխությունների և լրացումների նախագծի մշակողների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը Սահմանադրության փոփոխությունների և լրացումների նախագծի մշակման գործում կարևոր է համարել հանրապետության քաղաքացիների հետ աշխատանքի՝ Տաջիկստանում կիրառված փորձը: Դիտորդական խումբն այցելել է ավելի քան 80 տեղամասեր:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես դիտորդական խմբի համակարգող, շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարությանը` խմբի կազմում փորձառու և արհեստավարժ դիտորդներ ընդգրկելու համար, որոնց շնորհիվ հաջողվել է հանրաքվեի մշտադիտարկումն անցկացնել ամենաբարձր մակարդակով:
ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստին «ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» որոշման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Մոդելային օրենքն ընդգրկվել է 45-րդ լիագումար նիստի օրակարգում:
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Հանձնաժողովի նիստին քննարկվել են մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաև Նևսկի միջազգային էկոլոգիական ութերորդ համաժողովի անցկացման մասին հարցը:
ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների միջտարածաշրջանային համագործակցության մասին համաձայնագիրը:
Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական միության երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական հեռանկարներին, ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 25-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստում և կավարտվեն ամփոփիչ մամուլի ասուլիսով: 













