Հալեպում գրոհայինները խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք են օգտագործել. ռուս փորձագետներ
Ռուս փորձագետներին հաջողվել է ապացուցել, որ գրոհայինները Հալեպի Մարատ Ում Հաուշ բնակավայրում քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը սեպտեմբերին իպրիտ պարունակող ռազմամթերքի կիրառման մասին է:
Հայտնի է, որ ռուս մասնագետները զորանոցներից ոչ հեռու գտել են չպայթած արկ, որում եղել է 0.5-1.5լ տարողությամբ թունավոր քիմիական նյութ: Նմուշի փորձագիտական քննությունը ցույց է տվել, որ դա իպրիտ է:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մարատ Ում Հաուշի բնակելի թաղամասերում իրականացված հարձակման հետևանքով վնասվածքներ էր ստացել ավելի քան 40 մարդ: Տուժածներից մեկի նկարագրմամբ՝ գրոհայիններն օգտագործել են իպրիտ, որի կիրառումը ռազմական նպատակներով արգելված է 1923թ. ի վեր:
Նշվում է նաև, որ ավելի վաղ ռուս փորձագետները գրոհայինների հարձակման վայրերում հայտնաբերել էին արկեր՝ քլորի ու սպիտակ ֆոսֆորի հետքերով:










