Ճապոնիան ՌԴ-ին բողոք է ներկայացրել Կուրիլյան կղզիների հարավային մասում հրթիռների տեղակայման առնչությամբ
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին Կուրիլյան կղզիների հարավային հատվածում հականավային հրթիռների տեղակայման առնչությամբ: Այդ մասին երկրի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է խորհրդարանի վերին պալատում՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հայտնում է ТАСС-ը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ափսոսանք է հայտնել ռուսական հականավային հրթիռների տեղակայման առնչությամբ:
«Դիվանագիտական ալիքներով մենք փոխանցել ենք, որ դա չի համապատասխանում մեր երկրի դիրքորոշմանը և ափսոսանք է առաջացնում»,- ասել է վարչապետը խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ժամանակ՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ-ն Կուրիլյան կղզիներում «Բաստիոն» և «Բալ» հրթիռային համալիրներ է տեղակայել:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կուրիլյան կղզիներում հրթիռային համալիրների տեղակայումը հիմնավորում ունի, բայց չպետք է ազդի Տոկիոյի հետ բանակցությունների, այդ թվում՝ խաղաղ պայմանագրի հարցի շուրջ բանակցությունների վրա:










