«ՀՀԿ համագումարում սյուրպրիզներ չեն լինելու, Գործադիր մարմնի փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում». Է. Շարմազանով

23:11 • 25.11.16

Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ նոյեմբերի 25-ին կայանալիք համագումարում «սյուրպրիզներ» չեն լինելու։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այսօր հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 

«Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր: Կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր դիրքորոշումները: Վաղը տեղի ունենալիք համագումարի առանցքը կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, նախագահը հանդես կգա ծրագրային ելույթով: Անդրադարձ կլինի նաև  կուսակցության շինարարական աշխատանքներին, թերությունների շտկման գործընթացին, միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին››, -ասաց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը վստահություն հայտնեց, որ այսօր կայանալիք ՀՀԿ համագումարի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կընտրվեն նաև որպես ԳՄ անդամներ։

ՀՀԿ խոսնակը նաև շեշտեց, որ կուսակցության նախագահի միակ թեկնածուն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է։