Մայդանի գործով Յանուկովիչի հարցաքննության օրը տեղափոխվել է
Կիևի Սվյատոշինսկի դատարանի նիստը, որտեղ պետք է հարցաքննվեր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, տեղափոխվել է նոյեմբերի 28-ին: Այդ մասին հայտնում է «112 Украина» հեռուստաալիքը:
Ռոստովի շրջանային դատարանը կազմակերպել էր տեսակապ Կիևի Սվյատոշինսկի դատարանի կողմից Յանուկովիչի հարցաքննության անցկացման համար:
Յանուկովիչը հաստատել է, որ նոյեմբերի 28-ին նշանակված դատական նիստին կմասնակցի տեսակապով:
«Դատարանը, խորհրդակցելով տեղում, որոշում է կայացրել հետաձգել տվյալ դատական նիստը»,- ասել է նախագահող դատավորը:
Դատավորը նաև շնորհակալություն է հայտնել Ռոստովի շրջանային դատարանին տեսակոնֆերանսը կազմակերպելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 25-ին տեսակոնֆերանսի ռեժիմով նախատեսվում է Կիևի Ինստիտուտսկայա փողոցում Եվրամայդանի 48 ակտիվիստների սպանության համար մեղադրվող «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման 5 նախկին աշխատակցի գործով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարցաքննությունը՝ որպես վկա:
Նշվում է, որ հարցաքննությունը հետաձգվել է Կիևում դատարանի շենք մեղադրյալների չներկայանալու պատճառով: Նրանց չի հաջողվել տեղափոխել դատարանի շենք, քանի որ մի քանի տասնյակ ակտիվիստներ արգելափակել են կալանավայրի մուտքը, որտեղ պահվում են մեղադրյալները:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը 2014 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայում անկարգությունների պատճառով փախել է երկրից, ինչից հետո Գերագույն ռադան օրենք է ընդունել նրան Ուկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին։










