Մտավախություն չունեմ, որ իմիջի անկում կունենամ. Կարեն Կարապետյանն իր ՀՀԿ-ական դառնալու մասին

12:22 • 26.11.16

Եթե գալիք ԱԺ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթի ու եթե ՀՀԿ-ում այդպիսի որոշում լինի վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել ընտրություններից հետո: Այս մասին այսօր վարչապետը հայտարարեց ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում:

«Եթե ՀՀԿ-ն հաղթի ու եթե ՀՀԿ-ում այդպիսի որոշում լինի, կշարունակեմ, ինչո՞ւ ոչ»,-ասաց Կարապետյանը: Դիտարկմանը, թե ասել է թե՝ Մոսկվայից երկար ժամանակով է եկել, ասաց. «Եթե Ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ ու այստեղ մեծացել»:

Լրագրողների հարցին, թե արդյոք երկրի թիվ մեկ խնդիրն այն էր, որ ինքն իր թիմով ՀՀԿ-ական դառնար, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես կարծեմ բոլոր իմ յոթ կետերով բացատրել եմ, թե ինչու դարձա հանրապետական»:

Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞, որ կվարկաբեկվի ՀՀԿ-ին անդամակցելով, Կարեն Կարապետյանը բացասական պատասխան տվեց՝ ոչ:

Միևնույն ժամանակ վարչապետը լրագրողների հարցին, թե դա նշանակում է, որ կիսո՞ւմ է ՀՀԿ-ական կառավարության կատարած «թալանը», հայտարարեց. «Ոչ, չեմ կիսում թալանը»:

Կարեն Կարապետյանը նաև շնորհակալություն հայտնեց այն 7000 քաղաքացիներին, ովքեր իրենից հետո որոշեցին անդամագրվել ՀՀԿ-ին՝ չհամաձայնելով լրագրողների դիտարկմանը, որ այդ քաղաքացիները ստիպողաբար են անդամակցել ՀՀԿ-ին ու «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներ են: