Մադրիդում բախումներ են տեղի ունեցել Ֆիդել Կաստրոյի կողմնակիցների և հակառակոդների միջև (տեսանյութ)

19:36 • 26.11.16

Մադրիդում Կուբայի դեսպանատան մոտ այսօր հավաքվել են Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կողմնակիցներն ու հակառակորդները:

Ինչպես հաղորդում է իսպանական El Confidencial-ը, Կաստրոյի կողմնակիցներն իրենց հետ բերել էին Կուբայի և Իսպանիայի Կոմունիստական կուսակցության դրոշները` միևնույն ժամանակ տարբեր կարգախոսներ հնչեցնելով, ինչպես օրինակ «Կեցցե՛ Կուբան, Ֆիդելը և Չե Գևարան»:

Հակառակորդների թվում են եղել այն անձինք, ովքեր ծնվել են Կուբայում և դեմ են եղել Կաստրոյի քաղաքական ռեժիմին: Ցուցարարները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, ինչի հետևանքով մարդկանց խմբերի միջև վեճեր են ծագել: Ոստիկանությունն ստիպված է եղել միջամտել և բաժանել ցուցարարներին:

Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, իսկ երկրում 9-օրյա սուգ է հայտարարվել:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում բնակվող կուբացիները դրոշներով դուրս են եկել փողոց և հրավառություն արել հեղափոխական Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ:

 
Տեսանյութը՝այստեղ։