ԱԺ նոր կանոնակարգով փորձելու են ընդդիմադիրներին լռեցնել, պառակտել. Արմեն Մարտիրոսյան
Ազգային ժողովն առաջիկա արտահերթ նիստում քննարկելու է նաև ԱԺ նոր կանոնակարգ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են մի շարք փոփոխություններ, նախատեսվում է հրաժարվել երրորդ ընթերցման գաղափարից, քննարկումների մի մասն էլ տեղափոխել հանձնաժողովներ, կրճատել ելույթների և հարցերի համար նախատեսված ժամանակը: Նախագծով առաջարկվում է նաև հանել խմբակցությունը լքելուց հետո մանդատը վայր դնելու պարտադրանքը։
Tert.am-ի հետ զրուցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ խմբակցությունը լքելուց հետո մանդատը վայր դնելու պարտադրանքը հանելը սխալ քայլ է։
«Այն պատգամավորները, որոնք խմբակցությունը լքում են պետք է մանդատները վայր դնեն, քանի որ կուսակցությունը ստանում է ինչ-որ տոկոս վստահության քվե և ընտրողի տված վստահության քվեն չի կարողանում իրացնել, վստահության քվեն տրվում է ոչ թե անձին այլ կուսակցությանը, այլ է մեծամասնականի պարագայում»,- ասաց նախկին պատգամավորը։
Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ իշխանություններն այս քայլով կարող են ընդդիմադիրներին պառակտելու միտում ունենալ։ «Հատկապես նման իրավիճակներում, երբ իշխանությունը կարող է ընդդիմադիրների ներքին գործերին խառնվել և այս կամ այն լծակն օգտագործելով փորձել պառակտումներ առաջացնել, դա կանխելու համար պատգամավորը, որը լքում է կուսակցությունը, պետք մանդատը վայր դնի»,– ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ընդդիմության շարքերում ճնշման լծակների, կոմպրոմատների օգտագործման վառ օրինակ է Վանաձորում ստեղծված իրավիճակը։
Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգի փոփոխություններին, մասնավորապես ելույթների համար նախատեսված ժամանակի կրճատմանը, ապա Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ սա քաղաքական հակառակորդներին լռեցնելու փորձ է։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, ընդդիմադիրներին լռեցնելուն է վերաբերում։
«Նախագահողն է որոշում ում ձայն տալ և ինչքան ժամանակ, իրենք էլ լինեն նախագահող ու կորոշեն, որ ընդդիմադիրներին խոսք տալ պետք չէ»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը։










