Մեքսիկայի նախագահը Ֆիդել Կաստրոյին «20-րդ դարի խորհրդանիշ» է անվանել

13:27 • 26.11.16

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն իր խոր ցավակցությունն է հայտնել Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:

«Շատ եմ ցավում Ֆիդել Կաստրոյի՝ Կուբայի հեղափոխության առաջնորդի և 20-րդ դարի խորհրդանիշի մահվան համար: Նա Մեքսիկայի բարեկամն էր», - գրել է նախագահը Twiter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ուշ երեկոյան 90 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն։

Նա 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։