Մի թերագնահատեք բանակցությունները սառեցնելու մասին ԵՄ նախազգուշացումները. Ժան-Կլոդ Յունկերը` Էրդողանին

18:51 • 26.11.16

Թուրքիան պետք է ուշադրություն դարձնի անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին Եվրամիության զգուշացումներին և իրականացնի կառույցի կողմից պահանջվող բարեփոխումները: Reuters-ի փոխանցմամբ` այս մասին բելգիական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Վերջինիս խոսքով` Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցի շուրջ հինգշաբթի Եվրախորհրդարանում անցկացված քվեարկությունը չպետք է թերագնահատվի, քանի որ «այն ազդեցություն կունենա ԵՄ երկրների վրա, որոնք որոշում են կայացնելու անդամակցության վերաբերյալ»:

Հարցազրույցի ժամանակ Յունկերը չի անդրադարձել ԵՄ-ի հետ ներգաղթյալների մասին գործարքը կասեցնելու հարցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին: 

Նա կոչ է արել Էրդողանին կատարել անհրաժեշտ բարեփոխումները` սկսած հակաահաբեկչական օրենսդրության հիմնանորոգումից, եթե նա ցանկանում է, որ Թուրքիայի քաղաքացիները ազատ մուտքի արտոնագիր ունենան ԵՄ երկրներ մեկնելիս: