Իրանում երկաթուղային ընկերության ղեկավարը հրաժարական է տվել 45 մարդու մահվան պատճառ դարձած վթարից հետո
Իրանի տրանսպորտի նախարարի տեղակալ, պետական երկաթուղային ընկերության ղեկավար Մոհսեն Պոոր-Սեյեդ Ագհայեն հրաժարական է տվել Սեմնան նահանգում ուղևորատար գնացքների բախման առնչությամբ, հայտնում է «Ֆրանս-Պրես» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է ընկերության երեք ծառայակցի ձերբակալության մասին: Գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է չորս մարդ:
Ագհայեն հրաժարականի մասին հայտարարություն է արել տեղի հեռուստատեսային ալիքներից մեկում ելույթի ժամանակ: Նա պարզաբանել է, որ իր հրաժարականը «հանրության առաջ պատասխանատվության» ցուցաբերման քայլ է՝ պայմանավորված «վթարում կենդանի մնացածների նկատմամբ կարեկցանքով»: Ագհայեն հավելել է, որ նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով:
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած է եղել կայարանում, երբ նրան բախվել է մյուս գնացքը: Բախման հետևանքով չորս վագոն դուրս է եկել գծերից, ևս երկուսը հրդեհվել են: Տեղի իշխանությունների տվյալներով՝ գնացքներում եղել է 400 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 45 մարդ:










