Տիգրան Ջրբաշյանի փոխարեն ՀՀ-ում Ամերիկյան Առևտրի պալատի նախագահ է ընտրվել Արա Հովսեփյանը

14:01 • 28.11.16

 

Հայաստանում Ամերիկյան Առևտրի պալատը (AmCham) տարեկան ժողովի ժամանակ խորհրդի կազմի նոր ընտրություններ է անցկացրել, որի արդյունքում նախագահ Տիգրան Ջրբաշյանն իր պաշտոնը զիջել է Contour Global ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Արա Հովսեփյանին:

Tert.am-ի հետ զրույցում AmCham-ի նախկին նախագահն ասաց, որ պաշտոնը ստանձնելիս իր համար կարևոր էր, որ կառույցի հիմնական ու միակ կարողությունները ստեղծվեն անդամավճարների միջոցով, աշխատանքի ֆորմատը չլինի միանձնյա՝ նախագահն ընտրվի ժամանակ առ ժամանակ:

Նոր կազմն, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բավական ուժեղ է:

«Ես զիջեցի իմ տեղը, որովհետև անպայման ցանկացա, որ ավանդույթը շարունակվի՝ նորարյուն մարդիկ գան ու շարունակեն աշխատանքները, ինչպես ինձ էր փոխանցված: Իհարկե, դա կապված էր նրա հետ նաև, որ իրականության մեջ աշխատանքային ծավալը բավական մեծ էր, եթե լուրջ ես մոտենում խնդիրներին: Բացի դրանից՝ կառուցի հետագա ընդլայնման համար կարևոր էր, որ կառույցը լինի բազմադեմք: Կարծում եմ՝ նոր խորհուրդը մեծ վստահություն կունենա, մրցակցություն կար, խորհրդի կազմում ուժեղ մարդիկ կան»,- նշեց Ջրբաշյանը:

AmCham-ի նախկին նախագահի խոսքով՝ կազմակերպությունը, Դալայ Լամայի խոսքով, այն մոծակն է, որը խանգարում է մարդկանց քնել, մի տարբերությամբ, որ այն ավելի լուրջ է, քան մոծակը, ու մեծ վստահություն է վայելում:

Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ իր նախագահության ժամանակ նպատակ է եղել ձևավորել կապ միջազգային ֆինանսական կառույցների հետ, հանրությանն իրազեկել գործունեության մասին,  համատեղ աշխատանք կատարել կառավարության ու խորհրդարանի հետ: «Ես փորձել եմ այս խորագրային կետերի շուրջ իրականացնել իմ երկամյա գործունեությունը: Վերջինս, սակայն, խորհրդարանի հետ սերտ համագործակցության մասով, փոքր-ինչ անհաջող ստացվեց, որովհետև Հարկային օրենսգրքի շուրջ բանակցությունները, պայմանավորվածությունները իրականություն չդարձան»,- նշեց նա: