«Եթե լինի կոնկրետ առաջարկ, կլինեմ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում». Արագած Ախոյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Արագած Ախոյանը պատրաստ է մտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակ, եթե իհարկե նման առաջարկ լինի: Արագած Ախոյանը այլ նախկին ԲՀԿ-ականների հետ շաբաթ օրը մասնակցում էր ՀՀԿ 16-րդ համագումարին:
Հարցին, թե իշխանության հետ որոշակի պայմանավորվածության արդյունքո՞ւմ էր մասնակցությունը ՀՀԿ համագումարին, Արագած Ախոյանը պատասխանեց. «Ես միշտ իմ վարքագծով պետականամետ եմ: Ով պետության կառուցելու գործին է լծված, ես նրա հետ եմ: Մեծ սիրով գնացի, մեծ հարգանքով մասնակցեցի այն հատվածին, որին որ որպես հրավիրյալներ կարող էինք ներկա գտնվել»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ համագումարից հետո նա ՀՀԿ-ական չդարձավ, Ախոյանը նման պատասխան տվեց. «Ещё не вечер: Դեռ չգիտենք՝ ինչ ա լինելու, որովհետև դրա մասին որոշակի խոսակցություններ չեն եղել»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն իրեն չի ընդունում, Ախոյանն ասաց. «Դեռ շուտ է դրա մասին խոսել: Եթե լինի կոնկրետ առաջարկ, կլինեմ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում»:
Արագած Ախոյանը չբացառեց նաև, որ ԲՀԿ-ն լքած մյուս պատգամավորները ևս կարող են լինել ՀՀԿ ռեյգտինգային ցուցակում:
Մանրամասները՝ տեսանյութում:










