Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթել է աջերի և կենտրոնամետների փրայմերիզում

11:48 • 28.11.16

 

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հաղթանակ է տարել աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում և կառաջադրվի 2017 թվականի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Սոցիալական և տնտեսական առումով Ֆիյոնի հայացքները գրեթե նման են իր մրցակիցների դիրքորոշումներին, սակայն արտաքին քաղաքականության առումով նախկին վարչապետին համարում են «ամենառուսամետ թեկնածուն»։    


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին արդեն շնորհավորել է Ֆիյոնին հաղթանակի կապակցությամբ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, իր հերթին, ընդունել է պարտությունը:


Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի ամենախոշոր ընդդիմադիր ուժից նախագահի թեկնածու դառնալու իրավունքի համար պայքարի մեջ են մտել 7 թեկնածու՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ֆիյոնը, նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, պատգամավորներ Բրյունո լե Մերը, Նատալի Կոստյուշկո-Մորիզեն, Ժան-Ֆրեդերիկ Պուասոնը, Ժան- Ֆրանսուա Կոպեն։


Ինչպես գրում է կայքը, հաշվի առնելով երկրում իրավիճակը, աջերի և կենտրոնամետների՝ Ֆրանսիայի ամենախոշոր ընդդիմադիր ուժի թեկնածուն մեծ հավանականությամբ հաջորդ տարվա մայիսին կդառնա պետության նախագահ: