Ամերիկացի զինվորականներին հայտնի է դարձել Եվրոպայում նախատեսվող ահաբեկչությունների մասին
Եվրոպայի տարածքում հարձակումներ գործելու հետ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլանների մասին մանրամասն տեղեկությունը հայտնաբերվել է Սիրիայում գրոհայինների մոտից առգրավված փաստաթղթերում, գրում է Times թերթը:
Ինչպես հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի գործողությունների հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ռուպերտ Ջոնսը, համապատասխան փաստաթղթերը ստացվել են հուլիսին՝ սիրիական Մանբիջ քաղաքում, որը ծանր մարտերի արդյունքում ազատագրել են քրդերն ԻՊ-ի գրոհայիններից: Նշվում է, որ Քուվեյթում ամերիկյան ռազմաօդային ուժերի բազայում ստեղծվել է ձեռքբերված նյութերի ուսումնասիրության հատուկ կենտրոն:
Փաստաթղթերում տվյալներ են եղել եվրոպական երկրներում ԻՊ-ի հարձակումների թիրախների մասին: Մասնավորապես՝ ստացված տեղեկատվությունը թույլ է տվել ձերբակալել չորս մարդու և ահաբեկչություն կանխել Ֆրանսիայում, որը գրոհայինները պլանավորում էին իրականացնել դեկտեմբերի 1-ին: Նյութերում կան նաև արտասահմանում խմբավորման հետևորդների անունները:
Ինչպես հայտարարել է Ջոնսը, ԻՊ-ին վերաբերող էլ ավելի շատ նյութեր պետք է ձեռք բերվեն գրոհայիններից Մոսուլ քաղաքն ազատագրելուց հետո, որը, զինվորականի կարծիքով, պետք է տեղի ունենա գարնանը:










