Ռուսաստանի թշնամիները պետք է ինձանից մահու չափ վախենան. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի թշնամիները պետք է իրենից «մահու չափ վախենան»:
«Եթե խոսքը Ռուսաստանի թշնամիների մասին է՝ ահաբեկիչների, ծայրահեղականների և այլ մարդկանց, այդ թշնամիները պետք է ինձանից վախենան: Մահու չափ: Նրանք գիտեն՝ իմ դիրքորոշումը սկզբունքային է»,- ասել է նա:
Կադիրովի խոսքով՝ չարիք պլանավորող մարդը, որն իր առաջ նպատակ է դրել ահաբեկչություն իրականացնել, «պետք է ոչնչացվի մինչև կոճակ սեղմելը»:
«Պե՞տք է այդ թշնամիներն ինձանից վախենան: Այո՛: Ոչ միայն վախենան, այլև մնան աշխարհի մյուս ծայրում: Նրանց պետք է կամ ճաղերի հետև նետել, կամ 2-մետրանոց փոսի մեջ: Թող ինքնուրույն ընտրեն՝ որ տարբերակն են ավելի շատ հավանում: Եթե փորձվեն հայտնվել Չեչնիայում, կոչնչացնենք: Բոլորին»,- նշել է Կադիրովը:
Նա պարզաբանել է, որ թշնամիներ են նաև «Արևմուտքի դուդուկի տակ պարողները, խոդորկովսկիները, բերեզովսկիները և մնացածները»:
Կադիրովը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ «անձնական թշնամիներ» չունի: «Ես աշխարհում ամենախաղաղասեր մարդն եմ»,- ասել է նա:










