Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Յանուկովիչը կասկածվում է պետական դավաճանության մեջ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը խախտել է Սահմանադրության մի քանի հոդված, ինչպես նաև հայտնել է նրան, որ նա կասկածվում է պետական դավաճանության մեջ:
Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի Կիևի Սվյատոշինսկի շրջանային դատարանում, որտեղ տեսակոնֆերանսի ռեժիմով հարցաքննվում է պետությունից փախած նախկին նախագահը` 2014 թվականի ձմռանը Մայդանի իրադարձությունների հետաքննության շրջանակներում, գրում է lenta.ru-ն:
Հաշվի առնելով այն, որ Յանուկովիչը գտնվում է Ուկրաինայի սահմաններից դուրս և փաստացիորեն թաքնվում է իրավապահ մարմիններից՝ կասկածանքի բովանդակությունը բանավոր է հայտարարվել, ինչի մասին հաղորդագրությունն այսօր ուղարկվել է Յանուկովիչի գտնվելու բոլոր հայտնի հասցեներին»,- հայտարարել է Լուցենկոն:
Նա հստակեցրել է, որ նախկին նախագահը կասկածվում է ոչ միայն պետական դավաճանության, այլև «Ուկրաինայի տարածքի սահմանների և պետական սահմանի փոփոխության նպատակով իրականացված դիտավորյալ գործողություններում» ռուսական իշխանությունների հետ հանցակցության համար:
Ավելի վաղ Կիևում սկսվել է Յանուկովիչի հարցաքննությունը, ով վկա է Մայդանի ակտիվիստների սպանության մեջ «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման հինգ նախկին աշխատակիցների դեմ մեղադրանքի մասին գործով: Հարցաքննությունն իրականացվում է տեսակոնֆերանսի ռեժիմով, Ուկրաինայի նախկին նախագահը գտնվում է Ռուսաստանում Ռոստովի շրջանային դատարանում:










