Սիրիական բանակն իր հսկողության տակ է առել Հալեպի հյուսիս-արևելքը. «РИА Новости»
Սիրիական բանակն ու ազգային ինքնապաշտպանության ուժերն ահաբեկիչներին վտարել են Հալեպի ևս 2 թաղամասից, ինչի մասին հայտնում է ria.ru-ն:
«Բանակին և աշխարհազորայիններին հաջողվեց իրենց վերահսկողության տակ առնել Շեյխ Խոդր և Շեյխ Ֆարես թաղամասերը: Այսպիսով՝ կարելի է հայտարարել, որ Հալեպի հյուսիս-արևելքն ամբողջովին գտնվում է կառավարական բանակի հսկողության տակ»,-պատմել են աշխարհազորայինների ներկայացուցիչները:
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ թաղամասերում մարտերն ընթացել են մի քանի օր, իսկ այժմ ազատագրված տարածքներում աշխատում են սակրավորները: Մինչդեռ բանակային ջոկատներն ու աշխարհազորայինները շարունակում են իրենց առաջխաղացումը դեպի Հալեպի արևելյան հատված՝ առաջ շարժվելով միանգամից մի քանի ուղղությամբ:
Հայտնի է, որ սիրիական բանակը ոչնչացրել է «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման և նրա դաշնակիցների հենակետերն Աս Սուկարի և Բուստան Փաշա թաղամասերում:
Ռուսական կողմի ունեցած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 28-ի դրությամբ կառավարական բանակն ազատագրել է արևելյան Հալեպի 40%-ը: Բացի այդ, քաղաքի այդ հատվածից ազատվել է մի քանի հազար խաղաղ բնակիչ: Տասնյակ գրոհայիններ վայր են դրել զենքերն ու դուրս եկել այդ տարածքներից:










