Հայտնի է Կովալենկո Շահգալդյանի թոռանը մարմնական վնասվածք հասցնողի ինքնությունը. ոստիկանություն

15:22 • 29.11.16

 

Նոր Նորքի ոստիկանությունը պարզել է, թե ով է շաբաթ օրը դանակահարել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը՝ Տիգրան Շահգալդյանին, սակայն չի բացահայտում նրա անունը: Այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչությունից ասացին.

«Հայտնի է Տիգրան Շահգալդյանին մարմնական վնասվածք հասցնողի ինքնությունը»: Թե ով է դանակահարել Տիգրան Շահգալդյանին, ոստիկանությունից չասացին՝ նշելով, որ քննություն է ընթանում: Նշենք, որ փաստի առթիվ դեռ քրգործ չի հարուցվել:

Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ դա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան է, կամ՝ նա հարցաքննվե՞լ է այդ գործով, ոստիկանությունից չպատասխանեցին: «Հետաքննություն է գնում, ոչինչ ավելացնել չենք կարող»,-ասացին ոստիկանությունից:  

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ` 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը՝ ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վերքերով:

Տիգրան Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տիգրան Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ։ Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև Տիգրանը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչ այժմ չգիտի՝ ով էր դանակահարել թոռանը: Այսօր Tert.am-ի հետ զրույցում Շահգալդյանն ասաց. «Իհարկե, Սուրիկ Խաչատրյանի տղայի հետ կապված չի: Դա 100 տոկոսանոց սուտ էր: Ինչ- որ մի անծանոթ մարդ ա, որին երևի ոստիկանները ման են գալիս: Ես չեմ հետարքրքվում: Երիտասարդներ են, ամեն մեկն իրենն է առաջ տանում, թեթև վիճաբանել են, մեկն էլ նման բան է արել: Ինչի՞ եք դարձրել համաշխարհային մակարդակի հարց»:

Շահգալդյանն ասաց, որ թոռն իրեն լավ է զգում. «Թոռս ողջ և առողջ ա, թեթև քերծվածքի պես բան էր, իզուր տենց շուխուռ արեցին»:

Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տիգրանին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։