Չեմ հավատում Կառավարությանը, տա Աստված, որ ես սխալված լինեմ. Վալերի Գործունյան

20:20 • 29.11.16

Սփյուռքահայ գործարար Վալերի Գործունյանը չի հավատում Կառավարությունը ձեռնարկում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր։ Նրա կարծիքով՝ իշխանություններն այդ մասին հայտարարություններ անում են, որ հասարակությունը իրենց հավատա, իսկ իրենք պատրաստվեն ընտրությունների: «Ես միշտ ասում եմ, որ ուզում եմ սխալված լինել: Ես փափագում եմ, որ ես սխալ դուրս գամ: Բայց նման բան չի կարող լինել»,-ասաց գործարարը։

- Տիկի՛ն Գործունյան, վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակումից հետո բազմաթիվ հայտարարություններ արեց, որոնք այն մասին են, որ Հայաստանում գործարար միջավայրը բարելավվելու է, որ, օրինակ, ցանկացած մարդ ինչ ուզի, կարող է ներկրել, որ չի կարելի «շանտղություններ»-ով զբաղվել, և այլն: Ըստ Ձեզ՝ նման հայտարարությունները բավարա՞ր են, որպեսզի սփյուռքը Հայաստանում ներդրումներ անելու համար ինչ-որ դրական ազդակներ ստանա:

-Ես, կներեք, չեմ հավատում: Ես անձամբ չեմ հավատում, որովհետև միշտ ասել եմ՝ եթե իրենք իրոք ուզում են վստահություն ներշնչել մարդկանց և Սփյուռքից մարդիկ բերել ու ներդրողներ, իրենք պետք է նախ այդ ողջ օլիգարխներին պատկանող մոնոպոլիաները վերացնեն, հասարակության վիճակը առողջացնեն, որ մարդիկ էլ վստահություն ունենան: Ո՞ր մարդը կարող է այսօր վստահել, որ պիտի գա Հայաստան, ներդրումներ անի, ինչ-որ բան արտադրի, ու վաղը չէ մյուս օրը մեկը չգա, իրեն չխանգարի: Եվ եթե նույնիսկ դատի տա, կարող է այդ դատը շահել դատարանում: Ոչ մի բարելավում իրենք հասարակության կամ մոնոպոլիաների առումով չեն արել: Մենք բոլորս գիտենք, որ այսօր Հայաստանը մոնոպոլիաներից կազմված տնտեսություն է, որ այս երկրում տեղ չկա միջին ներդրողների համար: Չկա արդար շուկա: Ես, կրկնում եմ, անձամբ չեմ հավատում: Ու այնպես չէ, որ այս մարդիկ նոր մարդիկ լինելով` պետք է մաքուր էջից սկսեն: Հա, մի քիչ ավելի կիրթ են, մի քիչ ավելի լավ են հագնվում, բայց Կարեն Կարապետյանը, ուզում եմ հիշեցնել, մինչև վարչապետ դառնալը եղել է քաղաքապետ:

Ինչևէ, կրկնում եմ, որ եթե իրենք իրականում ուզում են առողջացնել մթնոլորտը երկրում, ուրեմն պետք է պատժեն: Պատժեն այն մարդկանց, որ մտել են քաղաքականություն և դեպուտատ են՝ չպատժվելու համար:

-Երբ վարչապետն ասաց, որ ամեն մարդ կարող է շաքարավազ ներկրել, մի հայտնի գործիչ հայտարարեց, որ ինքը ներկրելու է ու խնդրեց, որ դա մնա գաղտնի, որ երբ մաքսավորները խոչընդոտներ հարուցեն, ինքը բոլորին խայտառակ անի: Անցավ 1.5 ամիս, բայց այդ մարդը շաքարավազ չներկրեց, ու երբ հարցրեցի, թե ինչու, նախ ասաց, որ փող չունի և ավելացրեց, որ ինքը մրցունակ չէ հայտնի շաքարավազ ներկրողի հետ, քանի որ վերջինս բերում է նավերով ու էժան: Այսինքն՝ ստացվում է փակ շղթա, և այս քարտ բլանշից հետո էլ ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը տեղից չի շարժվում: Ոչ միայն շաքարավազի ոլորտում. վերջերս հայտնաբերվեց ինչ-որ 2- րդ բանան ներկրող՝ որպես թանգարանային նմուշ:

-Ես 4 տարի է՝ վերադարձել եմ Ֆրանսիա: Բայց 4 տարի առաջ էլ ես գիտեի, որ ոչ ոք չի կարող շաքար ներկրել Հայաստան, որովհետև դա Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է: Իրենք այնպիսի պայմաններ են ստեղծել, որ երկրում ոչ մի մրցակցություն չի կարող լինել: Ուղղակի 4 տարի առաջ մարդիկ ասում էին՝ «գործ չունես, վտանգավոր է». ես չգիտեմ՝ այսօ՞ր էլ վտանգավոր է, բայց գիտեմ, որ այս ոլորտում արդեն որերորդ տարին մոնոպոլիա է: Այս մարդն է բերում շաքար ու շատ գեշ որակի:

-Այսինքն՝ չեք հավատում Կառավարությանը և չեք վերադառնա:

-Ոչ, որովհետև վստահության այդ պայմանների հետ բերման նախադրյալներ ես չեմ տեսել, չեմ տեսել քայլեր, որ ինձ նման մարդկանց, որ աշխատել են այստեղ և գիտեն այդ «շուկան», կարող են համոզել հակառակում: Ավելին` ես մտածում եմ, որ իրենք ուզում են ցույց տալ, որ աշխատում են, որ հասարակությունը իրենց հավատա, որ իրենք պատրաստվեն ընտրությունների: Ու որպեսզի նորից շահեն, և Հայաստանի վիճակը շարունակվի ավելի վատանալ: Ես միշտ ասում եմ, որ ուզում եմ սխալված լինել: Ես փափագում եմ, որ ես սխալ դուրս գամ: Բայց նման բան չի կարող լինել, ես չեմ կարող սխալված լինել, քանի դեռ այս ահավոր մարդկանց, որ կան, տեսնում եմ: Տեսնում եմ նրանց նկարները: Ես կհամարեմ, որ չեմ սխալվել, եթե նրանք վերանան Հայաստանից: Մարդիկ, որոնք հարստացել են ապօրինի, ժողովրդին թալանելու հաշվին:

-Առաջարկում եք արմատական մեթոդներ և կուլակաթափություն, որը ոչ բոլորի կողմից է միանշանակ ընկալվում և դիտվում որպես պետության զարգացման լավ ճանապարհ: Ավելին` հայտնի է, որ նույնիսկ պաշտոնյաների ապօրինի հարստացման օրինագիծը հետադարձ ուժ չի ստանալու:

-Լավ, ասենք՝ չեն ուզում դատել, թող այդ նախարարներին ու դեպուտատներին հանեն պետությունից, թող իրավունք չունենան պետական մարդ լինելու: Կամ դիպլոմատիկ աշխատանքի: Թող չդատեն, բայց հանեն համակարգից ու նրանց փոխարեն դնեն երիտասարդ մարդկանց, որոնք իրենց ուսումով, կրթվածությամբ ավելի օգուտ կտան հասարակությանը, քան այդ հին դեմքերը, որ նստած են:

-ՀՀԿ համագումարին հետևե՞լ եք։

-Ես նայում էի ու ուղղակի վախենում, որ ինչ լավ է, որ ես Ֆրանսիայում եմ: Վախենալու էր: Եվ չգիտեմ` ինչո՞ւ պիտի անպայման վարչապետը կամ նախարարները, Վիգեն Սարգսյանը դառնային հանրապետական:

-Ասվեց, որ դրանով ուզում են ապացուցել, որ քաղաքական թիմի անդամ են, հրավիրված մենեջերներ չեն:

-Այո, իսկ ինչո՞ւ դարձան, ավելի լավ չէ՞ր, որ մնային անկուսակցական և չմտնեին այդ կուսակցություն՝ նման սովետական ոճով: Կրկնում եմ՝ այդ համագումարը նայելով` ուրախանում էի, Հայաստան երկրի մեջ չեմ:

-Եթե տեսնենք, որ իրական, անկեղծ քայլեր են արվում, կվերադառա՞ք: Նաև որպես ներդրող ու գործարար:

- Անպայման: Ես Հայաստանի մասնիկն եմ, ես սիրում եմ այս երկիրը, ես ուզում եմ, որ այս երկրից արտագաղթ չլինի: