Գրիգորի Մարգարյանը դեռ չի որոշել` մասնակցելո՞ւ է ԱԺ ընտրություններին. որոշելու դեպքում հնարավոր է առաջադրվի խնամու՝ Սամվել Ալեքսանյանի տեղամասում
Tert. am-ից հետ զրույցում Շենգավիթից ընտրակարգով ընտրված, ներկայումս անկուսակցական Գրիգորի Մարգարյանն անդրադառնում է 2017–ի ընտրություններին իր` ինչ-որ կուսակցության ցուցակով ռեյտինգային պատգամավոր դառնալու հեռանկարին:
-Պարոն Մարգարյան, որոշե՞լ եք` որ կուսակցության ցուցակով եք ընդգրկվելու որպես ռեյտինգային պատգամավոր:
- Ոչ, չեմ որոշել:
- Բայց ընտրությունը կատարվելու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ –ի՞ միջև:
-Դե որ չեմ որոշել, դա էլ չեմ որոշել:
-Իսկ հնարավո՞ր է, որ ընտրություններին չմասնակցեք:
- Դա էլ չեմ որոշել`մասնակցելու եմ, թե ոչ:
-Իսկ ի՞նչ է` հոգնե՞լ եք:
-Չէ, ինչու եմ հոգնել:
-Ամեն դեպքում` ավելի շատ հակված եք մասնակցելո՞ւ, թե՞ ոչ:
- 50/50: Ես այս որոշումը կկայացնեմ փետրվարի սկզբին:
-Բայց ռեյտինգայինով չէ՞: Այսինքն` կուսակցական չեք դառնա:
-Իհարկե, ռեյտինգայինով, միանշանակ:
- Իսկ հնարավո՞ր է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային պատգամավորը դառնաք:
- «Հայկական վերածնունդը» ո՞վ էր:
- Արթուր Բաղդասարյանը՝ Ձեր նախկին կուսակցության` «Օրինաց երկրի» ղեկավարը:
-100 տոկոսով՝ ոչ:
- Ընդդիմություն ներկայացնելու տարբերակը ընդհանրապե՞ս բացառվում է:
- Ես 14 տարի է` պատգամավոր եմ, միշտ ասել եմ, որ ես ընդդիմություն չեմ, ես իշխանության թևի ներկայացուցիչ եմ:
-Իսկ եթե որոշում կայացնեք մասնակցել, ռեյտինգային կառաջադրվեք այն տեղամասից, որտեղից մշտապես ընտրվե՞լ եք:
-Այո:
-Եթե չեմ սխալվում` Շենգավիթն ու Մալաթիա Սեբաստիան միացել են իրար, ու եթե պարզվի, որ այնտեղից լինելու է Սամվել Ալեքսանյանը, այս դեպքում մրցակցությունն անիմաստ չե՞ք համարում:
- Եթե Ալեքսանյան Սամվելի մասին է խոսքը, ինքն իմ խնամին է:
-Այսինքն` այդտեղ կաշխատի խնամիությա՞ն գործոնը:
-Խնամիության գործոնը կաշխատի հօգուտ ինձ էլ, իրեն էլ:
-Բայց ինչպե՞ս, մեկնումեկը պետք է զիջի, չէ՞:
-Իսկ ո՞վ ասաց, որ այդ տարածքում մեկ պատգամավոր է լինելու:
-Այսինքն` իրար կփորձեք օգնե՞լ:
-Եթե որոշեմ, այո, իհարկե:
-ՀՀԿ համագումարին հրավիրվա՞ծ էիք:
-Ոչ:
- Չեք ափսոսու՞մ:
- Ճիշտն ասած`տենց հատուկ չեմ մտածել այդ մասին:
- 7000 անձ առաջադրվեց, Ձեզ առաջարկ չեղա՞վ:
-Եթե ես ուզենայի անդամագրվել, կանդամագրվեի 14 տարի առաջ: 2007-ից հետո էլ 5 տարի եղել եմ ՀՀԿ ֆրակցիայի անդամ: Հիմա ի՞նչ, պետք է նստեի, 15 տարի սպասեի, տեսնեի` ո՞վ է անդամագրվում ՀՀԿ-ին, որ դա ինձ դրդեր անդամագրվել: Անկուսակցական մնալն իմ համար սկզբունքային է, բայց ողջունում եմ բոլորին, ովքեր որոշել են ինտեգրվել այդ մեծ ընտանիքին:
-Նաև մեկնաբանություններ կային, որ իրենց կամքով չեն որոշել:
-Ես , ճիշտն ասած, չեմ մտածում, որ կարելի է միանգամից 7000 հոգու կամքը ոտնահարել, կոտրել: Դա մարդկանց մեծ բանակ է, հնարավոր չէ:
-Այսինքն` ամեն ինչ մարդիկ անում են իրենց սեփական կամքով:
-Իհարկե: Ամեն ինչ չէ, բայց, մեծամասամբ` այո:










