Արայիկ Խանդոյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է. Խանդոյանը բացարկ է հայտնել դատավորին

20:12 • 30.11.16

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանքը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը. «Վերաքննիչը մերժեց մեր բողոքը, սակայն նախքան այդ դատարանում խոսեց Արայիկ Խանդոյանը և բացարկ հայտնեց դատավորին»։

Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ Խանդոյանը բացարկ է հայտնել դատավորին, քանի որ, ըստ Արայիկ Խանդոյանի, դատավորը չի կարող արդար վճիռ կայացնել. «Խանդոյանն ասաց, որպեսզի արդար դատես ինձ, պետք է դատավոր չլինես, որովհետև այն ինչի դեմ ես պայքարում եմ, դու դրան ծառայում ես»։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի մեղադրանքը վերջերս լրացվել է։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ 1-ին և 2-րդ կետերով ՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Հիշեցնենք, որ բացի այս մեղադրանքները, Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը։