Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից ողջ մնացած բորտուղեկցորդուհին հայտնել է ողբերգության պատճառը (լուսանկարներ)
Բոլիվիայից Կոլումբիա թռչող ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած բորտուղեկցորդուհիներից մեկը՝ Խիմենա Սուարեսը, պատմել է, որ ողբերգության պատճառը եղել է վառելիքի սպառումը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դեպի կոլումբիական Մեդելյին քաղաք ուղևորվող օդանավում եղել է 77 ուղևոր, ինչպես նաև՝ անձնակազմը:
Բորտուղեկցորդուհու խոսքով՝ վառելիքը վերջացել է Խոսե Մարիա Կորդովայի անվան օդանավակայանում ծրագրված վայրէջքից րոպեներ առաջ:
Բրիտանական աղբյուրը նկատում է, որ վառելիքի սպառման վարկածը հաստատում է այն փաստը, որ ընկնելուց հետո օդանավը չի պայթել. այսինքն՝ դրա մեջ բացակայել է վառելիքը:
Ըստ պարբերականի՝ կործանված ինքնաթիռում է եղել նաև բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի 27 ֆուտբոլիստ, 4-ին հաջողվել է ողջ մնալ: Ընդհանուր առմամբ, ավիաաղետից հետո ուղևորներից 6-ը ողջ են մնացել ու հոսպիտալացված են:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

















